ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետական տուրքը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքով:
ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական տուրքի գծով կարող է սահմանվել պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման հնարավություն:
Նույն օրենքի 31-րդ հոդվածի գ ենթակետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնեություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
Տվյալ պարագայում պետական տուրքի վճարումը տարաժամկետելը կամ հետաձգելը որոշակի դեպքերում, կախված անձի սոցիալական կամ նյութական դրությունից, անհրաժեշտություն է, քանի որ պետական տուրքի վճարումը տարաժամկետելը բխում է ոչ միայն անձի, այլև արդարադատության շահերից` հաշվի առնելով, որ անձի իրավունքների դատական պաշտպանությունը չի կարող մերժվել` ելնելով նրա ֆինանսական ծանր իրավիճակից:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին 6-րդ հոդվածի 1-ին կետը յուրաքանչյուրի համար երաշխավորում է իր քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող ցանկացած հայցով դատարան դիմելու իրավունք: Այդ դրույթը մարմնավորում է ՙդատարանի իրավունքը՚, որում դատարան դիմելու իրավունքը, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը, հանդիսանում է այդ իրավունքի մի մասը միայն:
ՀՀ Սահմանադրության 18 հոդվածը ամրագրում է. ՙՅուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
Դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև:
Աղբյուրը` Իրավաբան.net