Ժառանգության դեպքում մահացածի գույքը /ժառանգությունը/ անփոփոխ վիճակում որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց /համապարփակ իրավահաջորդություն/, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:
Այսինքն` քաղաքացու մահից հետո ժառանգատուի գույքային իրավունքները և պարտականությունները չեն դադարում նրա մահվամբ, այլ կարող են փոխանցվել նրա ժառանգներին: Ժառանգությունն ընդունած ժառանգներն իրենց անցած գույքի սահմաններում հատուցում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները:
«Պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը պահանջները կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակարարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին:
ժառանգները ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են օրենքով սահմանված ծախսերը»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի ծրագրի փաստաբան Գեղամ Այվազյանը:
Այսպիսով՝ Ժառանգության իրավունքի վկայագիր ստանալուց հետո ժառանգները ժառանգատուի պարտքերով պարտատերերի առջև իրենց անցած գույքի սահմաններում կրում են պարտավորություններ, եթե ժառանգության բացումից վեցամսյա ժամկետում կամ մինչ ժառանգության վկայականի ստանալը պարտատերերի կողմից ժառանգորդներին պահանջ է ներկայացվել:
«Պահանջների ներկայացման համար սահմանված վեց ամսյա ժամկետի ավարտից հետո ներկայացված պահանջները ենթակա չեն բավարարմանլ, քանի որ մինչև ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, պահանջի ներկայացման դեպքում միայն ժառանգը կարող է որոշել ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը»,-ավելացնում է փաստաբանը:
Աղբյուրը` Իրավաբան.net