Առաջիկայում գուցե գիտնականներն էլ ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունենան…

Հայաստանի կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն դեռևս 2011 թվականին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» նախագիծ է ներկայացրել Կառավարություն:
Նախագիծն առաջարկում է «Ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանելու մասին» N 1599- Ն որոշման հավելվածով սահմանված ցանկում ընդգրկել նաև հանարապետության գիտական աշխատողներին (գիտական և գիտատխնիկական կազմակերպություններին, գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողներին):

.
«ՀՀ աշխատանքային օրենսգրքի» 161-րդ հոդվածի համաձայն՝ ամենամյա լրացուցիչ արձակուրդ կարող է տրամադրվել այն աշխատողներին, ովքեր աշխատում են վնասակար և վտանգավոր պայմաններում, չնորմավորված աշխատանքային օրով, հատուկ բնույթի աշխատանքներում: Ամենամյա լրացուցիչ արձակուրդ տրամադրվում է նաև աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ»,- տեղեկացնում է իրավաբան Գոհար Կոստանյանն ու հավելում, որ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:

.
Ըստ «ՀՀ աշխատանքային օրենսգրքի» 160 հոդվածի՝ ամենամյա երկարացված արձակուրդի տևողությունը, հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, կազմում է 25 աշխատանքային օր (բացառիկ դեպքերում` 35 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում), իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 30 աշխատանքային օր (բացառիկ դեպքերում՝ 42 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում):

,
«Ներկայումս երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում ընդգրկված են բարձրագույն ուսումնական հաստատությունների դասավադողները, որոնք գիտելիք են փոխանցում երիտասարդ սերնդին, իսկ գիտական կազմակերպություններում աշխատող գիտելիք ստեղծող, գիտությունը զարգացնող գիտաշխատողները զրկված են այդ արտոնությունից»,- արդարացիորեն նշվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ԳՊԿ-ի առաջարկած նախագծում:

,
«Այդ որոշման նախագծի հարցը շատ լուրջ քննարկման առարկա է դարձել և իրավական այլ ակտերի հետ պետք է անպայման համեմատել: Այդ պատճառով` Գիտության պետական կոմիտեն առաջիկայում լրացուցիչ հիմնավորումներ և որոշման մեջ լրացում կատարելու նոր նախագիծ է ներկայացնելու Կառավարության քննարկմանը»,- Իրավաբան.net-ին տեղեկացրին Գիտության պետական կոմիտեի գիտական քաղաքականության վարչությունից:

.

Նունե Հովսեփյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել