Քաղաքացիաիրավական վեճերի զգալի մասը գույքային բնույթ է կրում:
Հիմնականում դա պայմանավորված է լինում նրանով, որ մի քանի անձանց համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը բաժանելիս խնդիրներ են առաջանում կամ օրինակն, անհատապես որոշվող գույքը վերադարձնելիս նշված գույքը պահպանված չի լինում և այլն:
Այս առումով հետաքրքիր է իմանալ, որ գույքը կարող է լինել բաժանելի և անբաժանելի:
Անբաժանելի է համարվում այն գույքը, որը չի կարող բաժանվել առանց դրա նշանակության փոփոխման կամ ենթակա չէ բաժանման օրենքի ուժով:
Եթե տարասեռ գույքի տարրերը կազմում են ընդհանուր նշանակությամբ իրենց օգտագործումը ենթադրող միասնական ամբողջություն, ապա դրանք դիտվում են որպես մեկ գույք (բաղադրատարր գույք):
Բաղադրատարր գույքի առնչությամբ կնքված գործարքի գործողությունը տարածվում է դրա բոլոր բաղադրիչ տարրերի վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Այլ (գլխավոր) գույքի սպասարկման համար նախատեսված և դրա հետ ընդհանուր նշանակությամբ կապված գույքը (պատկանելիք) հետևում է գլխավոր գույքի ճակատագրին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Գույքը համարվում է անհատապես որոշվող, եթե այն առանձնացված է այլ գույքից իրեն ներհատուկ հատկանիշներով: Անհատապես որոշվող գույքն անփոխարինելի է:
Տեսակային հատկանիշներով որոշվող գույք է համարվում նույն տեսակի այլ գույքին ներհատուկ հատկանիշներով օժտված և թվով, քաշով ու չափով որոշվող գույքը: Տեսակային հատկանիշներով որոշվող գույքը փոխարինելի է:
Աղբյուրը` Իրավաբան.net