«Տավուշի մարզի Պաղջուր գետի վրա` Լաստիվեր ջրվեժից քիչ ներքև, իրականացվում է փոքր ՀԷԿ-ի լայնածավալ շինարարություն՝ երկրորդը նույն գետի վրա: Շինարարությունն ընթանում է առանց համապատասխան օրինական հիմքերի: Բնապահպանական փորձաքննությունը կատարվել է հապճեպ և թերի, իսկ հասարակական երկու լսումները կրել են ձևական բնույթ: Շինարարությունն արդեն աղետալի ազդեցություն է թողել Արջատխլենիների արգելավայրի վրա: Թվով շուրջ 10 խոշոր շին-տեխնիկա՝ բուլդոզերներ, տրակտորներ, ներխուժել են արգելավայր, ինչպես նաև անտառապատ տարածքներ՝ ամբողջությամբ ավիրելով դրանք: Շինարական աշխատանքների պատճառով առաջացել են սողանքներ և փլվածքներ, զգալիորեն նվազել են Գետահովիտ գյուղի բնակիչների խմելու ջրի պաշարները»,-բարձրաձայնում են բնապահպանները:
«Այնտեղ անտառի միջով ճանապարհ է բացվել բուլդոզերների միջոցով, ծառերը երկու կողմ են գլորվել, արմատախիլ արվել նպատակին հասնելու համար` խողովակներ գցելու համար, գետի հուն է փոխվել: Մի խոսքով այնտեղ ոչ մի լավ բան չի արվել, բացի մեծ վնասից»,- հայտնեց ակտիվիստ Գագիկ Աբգալյանը:
Խնդրով մտահոգ` այսօր բնապահպաններից, Գետահովիտ գյուղի բնակիչներից շատերը հանդիպեցին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:
«Ուղղակի հանցավոր անտարբեր վիճակ է Բնապահպանության նախարարության կողմից: Այն տարածքում, որտեղ Կարմիր գրքում գրանցված կենդանին է ապրում, թույլ ենք տալիս շինարարություն կատարել: Երկու ՀԷԿ-ի շահագործումն էլ պետք է ձեր միջնորդությամբ կամ մեր պահանջերով դատարեցվի, այլապես մենք շարունակելու ենք միչև հանրապետության նախագահին բողոքել և մեր ճշտին հասնելու ենք: Մենք վճռական ենք` մինչև վերջ ենք գնալու: Այսօր եթե այդ դիրքով զիջեցինք մեր հողը, վաղը մեր հայրենիքն ենք զիջելու»,- նախարարին ասաց Գետահովիտ համայնքի բնակիչ Արթուր Ավագյանը:
Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ Գետահովիտում ՀԷԿ-ի կառուցման համար հանրային լսումներ չեն եղել: Դրանք կազմակերպվել են Ենոքավան գյուղում, որն այլևս շահառու համայնք չի համարվում:
«Օրհուսի կոնվենցիայի և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն` որևէ համայնք ազդակիր համայնք ճանաչելու համար էականը ոչ թե այն է, թե կոնկրետ գործունեությունը որևէ համայնքի վարչական տարածքում է գտնվում, թե` ոչ, այլ թե ինչպիսի ազդեցություն է կրելու կոնկրետ համայնքը տվյալ գործունեության հետևանքով: Եթե անգամ վերցնենք, որ ՀԷԿ-ը կառուցվում է Ենոքավան համայնքի վարչական տարածքում, միևնույն է ՇՄԱՓ օրենքի իմաստով` հանրային լսումներ և այլն պետք է իրականացնել Գետահովիտ համայնքում, քանի որ այն անմիջական կրողն է այդ բացասական հետևանքների»,- նշեց Լոռու պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը:
Նախարարը հանձնարարեց ստեղծել աշխատանքային խումբ` խնդրի լուծման համար շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ և 10 օրվա ընթացքում փորձագիտական եզրակացություն տալ ՀԷԿ-ի կառուցման օրինական հիմքերի վերաբերյալ, ինչպես նաև դադարեցնել ՀԷԿ-ի կառուցման շինարարական աշխատանքները:
Պարզվեց` երկու օր է, ինչ դադարեցված է:
Բնապահպանները հավելեցին` եթե փորձագիտական եզրակացության արդյունքներն իրենց չբավարարի, ապա շարունակելու են պայքարել:
Աղբյուրը` Իրավաբան.net