Մարդու իրավունքների պաշտպանը տասնյակ ահազանգեր է ստացել մարդկանցից, ում հարազատները իրավապահ մարմինների կողմից «հրավիրվել են» համապատասխան բաժիններ և/կամ ստորաբաժանումներ զրուցելու, և ժամեր շարունակ այնտեղից չեն կարողացել դուրս գալ։
Բազմաթիվ դեպքերում Պաշտպանի արագ արձագանքման խմբի միջամտությամբ «հրավիրված» քաղաքացիները դուրս են բերվել վերոնշյալ վայրերից:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, որով առաջնորդվում են իրավապահ մարմինների աշխատակիցները անձին բաժին կամ ստորաբաժանումներ հրավիրելիս, սահմանում է, որ հարցման կամ բաժին հրավիրելու պատճառը օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքելն է։ Այսինքն՝ անձանց համար որևէ պարտականություն նախատեսված չէ։
Տվյալ հոդվածից կարելի է եզրակացնել, որ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից անձանց բաժիններ կամ ստորաբաժանումներ հրավիրելը չի հանդիսանում օրենքի հրաման/պահանջ, այլ ուղղակի կրում է կամավոր բնույթ: Այսինքն՝ անձը իրավապահ մարմինների կողմից հրավերի յուրաքանչյուր դեպքում իրավունք ունի չներկայանալ բաժին կամ ստորաբաժանում, կամ առավել ևս պարտավոր չէ իր ցանկությանը հակառակ գտնվել այնտեղ: Ուստի, իրավապահ մարմինների կողմից հրավեր ստանալու դեպքում անձը կարող է ներկայանալ բացառապես իր ցանկությամբ։ Հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:
Աղբյուրը` Իրավաբան.net