Թեև որոշակի իրավունքներ և պարտականություններ անձը ձեռք է բերում իր ծննդյան պահից, սակայն իրավունքների և պարտականությունների մեծ մասը անձը ձեռք է բերում կյանքի ընթացքում:
Քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:
Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են`
1) օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից, որոնք օրենքով նախատեսված են որպես քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմք.
3) քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից.
4) օրենքով թույլատրվող հիմքերով գույք ձեռք բերելու հետևանքով.
5) գիտության, գրականության, արվեստի ստեղծագործություններ, գյուտեր և մտավոր գործունեության այլ արդյունքներ ստեղծելու հետևանքով.
6) այլ անձին վնաս պատճառելու հետևանքով.
7) անհիմն հարստացման հետևանքով.
8) քաղաքացիների և իրավաբանական անձանց այլ գործողությունների հետևանքով.
9) այնպիսի իրադարձությունների հետևանքով, որոնց հետ օրենքը կամ այլ իրավական ակտը կապում է քաղաքացիական իրավական հետևանքների առաջացում:
Գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:
Աղբյուրը` Իրավաբան.net