Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են քաղաքացիական զենք ձեռք բերել ներքին գործերի հանրապետական մարմնի տված լիցենզիաներով՝ օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների միջնորդության հիման վրա` պայմանով, որ զենքը ձեռք բերելու օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, այն դուրս տարվի հանրապետությունից:
«Արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային էլեկտրահարող սարքերը, կայծային պարպիչները, 7,5 ջոուլ փողային էներգիայով` ներառյալ մինչեւ 4,5 մմ տրամաչափի օդաճնշիչ զենքն օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք ունեն ձեռք բերել առանց լիցենզիայի»,- Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի հակակոռուպցիոն կնտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Իրավաբանի փոխանցմամբ`օտարերկրյա քաղաքացիները կարող են որսորդական կամ սպորտային զենք ներկրել միայն որսորդությամբ զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձի հրավերի և նրա հետ կնքված որսորդության կոնտրակտի, ինչպես նաև սպորտային միջոցառումներին մասնակցելու հրավերի ու ներքին գործերի հանրապետական մարմնի թույլտվության առկայության դեպքում: Այդ զենքը հանրապետության տարածքից պետք է դուրս տարվի կոնտրակտում կամ հրավերում նշված ժամկետում:
Օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է զենքի բոլոր տեսակների, ձևերի եւ մոդելների ներկրումը՝ անձնական անվտանգության ապահովման, այլ անձանց կյանքի, առողջության և սեփականության պաշտպանության, բեռների ուղեկցման կամ օրենքով չնշված այլ նպատակներով, եթե դրանք նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով`ասում է իրավաբանը:
Օտարերկրյա քաղաքացիների կողմից հանրապետությունից զենք դուրս բերելու ժամկետները, ինչպես նաև այն ներկրելու և օգտագործելու կարգը խախտելու դեպքերում զենքը վերցվում և բռնագրավվում է օրենքով սահմանված կարգով:
Աղբյուրը`Իրավաբան.net