Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար:
Հանցագործությունների ռեցիդիվը վտանգավոր է համարվում՝
1) դիտավորությամբ հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում երկու անգամից ոչ պակաս ազատազրկման է դատապարտվել դիտավորյալ հանցագործության համար.
2) ծանր հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում ազատազրկման է դատապարտվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար:
Հանցագործությունների ռեցիդիվն առանձնապես վտանգավոր է համարվում անձի կողմից՝
1) դիտավորությամբ այնպիսի հանցանք կատարելու դեպքում, որի համար նա դատապարտվում է ազատազրկման, եթե անձը նախկինում երեք անգամից ոչ պակաս ցանկացած հաջորդականությամբ ազատազրկման է դատապարտվել միջին ծանրության դիտավորյալ հանցագործության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար.
2) այնպիսի ծանր հանցանք կատարելու դեպքում, որի համար նա դատապարտվում է ազատազրկման, եթե անձը նախկինում երկու անգամ ազատազրկման է դատապարտվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար.
3) առանձնապես ծանր հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար:
Այն հանցանքների համար դատվածությունը, որը հանվել կամ մարվել է օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև այն հանցանքները, որոնք կատարվել են մինչև անձի տասնութ տարին լրանալը, ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում:
Աղբյուրը` Իրավաբան.net