Ինչպես գիտենք, ամուսինների փոխադարձ համաձայնության դեպքում, ամուսնությունը կարող է լուծվել ՔԿԱԳ տարածքային բաժնում:
Նման կերպ չի կարող լուծվել ամուսնությունը, եթե ամուսիններից մեկը առարկում է ամուսնությունը լուծելու մյուս կողմի պահանջի դեմ կամ եթե կողմերն ունեն անչափահաս երեխա(ներ):
«Դատական կարգով ամուսնալուծվելիս, ինչպես նաև անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծվելիս ամուսինները կարող են դատարան ներկայացնել համաձայնություն այն մասին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին և (կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի, այդ միջոցների չափերի կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանման մասին»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է`
ա) որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները.
բ) որոշել, թե որ ծնողից և ինչ չափով պետք է ալիմենտ (ապրուստավճար) բռնագանձվի.
գ) ամուսինների (ամուսիններից մեկի) պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանումը.
դ) ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող մյուս ամուսնու պահանջով որոշել այդ միջոցների չափը:
Եթե գույքի բաժանումը շոշափում է երրորդ անձանց շահերը, ապա դատարանը կարող է գույքի բաժանման մասին պահանջն առանձնացնել որպես առանձին վարույթ:
Աղբյուրը` Իրավաբան.net