Ենթադրենք դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ, որով անձին դատապարտել է որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման:
Ե˚րբ և ու˚մ կողմից է ապահովվում պատժի կատարումը:
Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման կատարումն ապահովում է ուղղիչ հիմնարկը:
«Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձը պատիժը կրելու է ուղարկվում ոչ ուշ, քան դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու և այն ի կատար ածելու կարգադրությունը ստանալու օրվանից հետո` քսանօրյա ժամկետում: Այդ ժամկետում դատապարտյալն իրավունք ունի մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ ունենալու կարճատև տեսակցություն»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Ինչպե˚ս է իրականացվում դատապարտյալի փոխադրումն ուղղիչ հիմնարկ:
Իրավաբանի խոսքով` դատապարտյալը փոխադրվում է պահախմբով, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական հսկողությամբ, բավարար լուսավորություն և օդափոխություն ունեցող, նրան ավելորդ ֆիզիկական անհարմարություն պատճառելը բացառող փոխադրամիջոցով: Փոխադրման ընթացքում դատապարտյալը պետք է ապահովված լինի համապատասխան նյութակենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններով, ինչպես նաև հնարավորինս պաշտպանված լինի վիրավորանքից և հասարակական հետաքրքրասիրությունից:
Դատապարտյալի փոխադրումը կատարվում է պետության հաշվին:
Ո˚վ է ընդունում դատապարտյալին:
Դատապարտյալին ուղղիչ հիմնարկ ընդունում է տվյալ հիմնարկի վարչակազմը՝ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով։
Ուղղիչ հիմնարկ փոխադրված դատապարտյալը բժշկական զննություն անցնելու և ուղղիչ հիմնարկի պայմաններին հարմարվելու նպատակով մինչև յոթ օր ժամկետով տեղավորվում է կարանտինային բաժանմունքում։ Կարանտինային բաժանմունքում դատապարտյալը գտնվում է պատիժը կրելու առնվազն նույն պայմաններում։
Ուղղիչ հիմնարկ փոխադրված դատապարտյալը կարանտինային բաժանմունքում տեղավորվելուց անմիջապես հետո տեղեկացվում է իր հիմնական իրավունքներին և պարտականություններին, ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգին, ինչի մասին տեղեկանքը կցվում է դատապարտյալի անձնական գործին:
Դատապարտյալը ուղղիչ հիմնարկ փոխադրվելուց անմիջապես հետո գրանցվում է դրա համար նախատեսված մատյաններում և անհատական քարտերում:
Աղբյուրը` Իրավաբան.net