Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր դիմել մի քաղաքացուհի` հայտնելով, որ առանց դասընթացներին մասնակցելու պետական նմուշի ավարտական դիպլոմ տրամադրելու համար Երևանի Ֆուչիկի փողոցի Գյուղատնտեսական համալսարանի աշխատակից Վահագն Ասրյանն իրենից պահանջել է 3000 դոլար:
Քաղաքացուհին պետք է գումարի կեսը տար սեպտեմբերի 18-ին, մնացածը` դիպլոմն ստանալուց հետո: Սեպտեմբերի 18-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Գյուղատնտեսական համալսարանի որակի ապահովման և ներքին աուդիտի կենտրոնի տնօրեն Վահագն Ասրյանը 1500 դոլար կաշառք վերցնելու փաստով աշխատասենյակում մերկացվել է:
Շարունակական գործողությունների շնորհիվ շուտով բացահայտվել է մանրամասն ծրագրված կոռուպցիոն գործողության ողջ շղթան: Պարզվել է, որ Ասրյանը նախապես հանցավոր համաձայնության էր եկել նույն համալսարանի ռեկտորի խորհրդական Ժաննա Ազիզբեկյանի հետ, որը պետք է կազմակերպեր քաղաքացուհու դիպլոմի հիմքերի ստեղծումը և տրամադրումը: Համաձայն պայմանավորվածության` Ասրյանը 300 դոլարը պետք է պահեր իրեն, իսկ 2700-ը տար Ազիզբեկյանին:
Վահագն Ասրյանը ձերբակալված է: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական վարչություն, որտեղ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել՝ տեղեկացնում է Հայկական Երկրորդ հեռուստալիքի կայքը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net