Օդանավի հրամանատարը (օդաչուն) թռիչքի ժամանակահատվածում օդանավում բարձրագույն պաշտոնատար անձն է:
Վերջինս պատասխանատվություն է կրում օդանավի վարման և թռիչքային անվտանգության համար թռիչքի ողջ ժամանակահատվածում:
Թռիչքի ժամանակահատված է համարվում թռիչքի նպատակով օդանավի շարժման պահից մինչև թռիչքն ավարտելուց դրա լրիվ կանգառման պահի ընդհանուր ժամանակահատվածը:
Օդանավի հրամանատարը և, եթե նախատեսված է, նրան փոխարինողը (երկրորդը անձնակազմում) նշանակվում են օդանավի սեփականատիրոջ կողմից: Եթե օդանավն օգտագործվում է սեփականատեր չհանդիսացող շահագործողի կողմից, ապա օդանավի հրամանատարը և նրան փոխարինողը նշանակվում են շահագործողի և սեփականատիրոջ միջև ձեռք բերված փոխադարձ համաձայնությամբ:
Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի անձնակազմի անդամներ կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե լիազորված մարմինը բացառության կարգով այլ որոշում չի կայացնում:
Ի գիտություն` օդանավի հրամանատարի, երկրորդ օդաչուի, շտուրմանի, բորտինժեների, բորտռադիստի և բորտօպերատորի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 65 տարին: Օդանավի թռիչքի ժամանակահատվածում թռիչքային անձնակազմում նշված ավիացիոն մասնագետներից 60 տարին անց կարող է լինել միայն մեկը:
Աղբյուրը` Իրավաբան.net