Դատարանի դատավճռով, ինչպես նաև քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ իրեղեն ապացույցների հարցի լուծումը կատարվում է` հետևյալ կանոնների պահպանմամբ:
Հանցագործության գործիքները, ինչպես նաև շրջանառությունից հանված առարկաները բռնագրավվում և հանձնվում են համապատասխան պետական հիմնարկներին, իսկ արժեք չներկայացնելու դեպքում` ոչնչացվում են:
Որպես կանոն, արժեք չներկայացնող իրերը ոչնչացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ շահագրգռված անձանց միջնորդության դեպքում` կարող են հանձնվել նրանց:
Դրամը, այլ արժեքները և մյուս առարկաները, որոնք օրինական տիրապետումից դուրս են եկել հանցագործության կամ օրենքով չթույլատրված այլ գործողությունների հետևանքով, հանձնվում են տիրապետողին, սեփականատիրոջը կամ նրանց իրավահաջորդներին, իսկ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամը, այլ արժեքները և մյուս առարկաները դատարանի դատավճռով ուղղվում են դատական ծախսերի հատուցմանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը, իսկ եթե հայտնի չէ վնաս կրած անձը, որպես եկամուտ` հանձնվում են պետությանը:
Իրեղեն ապացույց հանդիսացող փաստաթղթերը պահվում են գործի հետ միասին` վերջինիս պահելու ամբողջ ժամանակամիջոցում, կամ հանձնվում են շահագրգիռ կազմակերպություններին և քաղաքացիներին:
Աղբյուրը`Իրավաբան.net