Օդանավերից օգտվում են գրեթե բոլորը, քանզի այն շատ դեպքերում միակ միջոցն է այս կամ այն երկիր մեկնելու համար:
Այս առումով հետաքրքիր է իմանալ, թե օրենքի տեսանկյունից որ տարածքն է համարվում աերոդրոմ, օդանավակայան, և որոնք են օդանավակայանների տեսակները:
«Պետք է նկատի ունենալ, որ օդանավակայանի տարածքը շատ ավելի մեծ է և այն ընդգրկում է նաև աերոդրոմ համարվող տարածքը»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աերոդրոմ է համարվում հողային տարածքը կամ ջրային տարածքը (ներառյալ՝ շենքերը, շինություններն ու սարքավորումները), որն ամբողջովին կամ մասնակիորեն նախատեսված է այդ տարածքում օդանավերի ժամանման, մեկնման և երթևեկության նպատակներով:
Օդանավակայան է համարվում շինությունների համալիրը, որը ներառում է աերոդրոմը, ուղևորների, բեռների և փոստի սպասարկման համար նախատեսված համալիրը և այլ շինություններ, որոնք նախատեսված են օդանավերի ընդունման, ուղարկման, օդային փոխադրումների սպասարկման նպատակներով և համալրված են համապատասխան սարքավորումներով ու սպասարկող անձնակազմով:
Օդանավակայաններն իրենց հերթին լինում են մի քանի տեսակի` կախված իրականացրած գործառույթների բնույթից:
Միջազգային օդանավակայան է համարվում, օրինակ, Հայաստանի Հանրապետության տարածքում առանձնացված ցանկացած օդանավակայան` միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի ընդունման և մեկնման համար, որտեղ իրականացվում են մաքսային, միգրացիոն, սանիտարական, կարանտինային և նմանատիպ ընթացակարգեր։
Ներքին օդանավակայան է համարվում միայն ներքին օդային փոխադրումների համար օգտագործվող օդանավակայանը: Միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմները (ուղղաթիռադաշտերը) պարտադիր ենթակա են սերտիֆիկացման:
Աղբյուրը` Իրավաբան.net