Ինչպե՞ս տարբերել շփման գծից հաղորդվող կեղծ տեղեկատվությունն իրականից

PanARMENIAN.Net լարտավական կայքը պատրաստել է հակիրճ ուղեցույց՝ բացատրելու, ինչպես խուսափել մեդիածուղակներից սահմանային լարվածության աճի օրերին: Սահմանային լարմանը զուգահեռ, որպես կանոն, ինտենսիվանում է նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների ու կամավորական հաքերային խմբերի մեդիապատերազմը հայկական լսարանի դեմ: Նպատակը լսարանի ապակողմորոշումն ու պանիկայի սերմանումն է:

Իրական և «ֆեյք» լուսանկարներ

Իրավիճակի սրման ժամանակ համացանցը հաճախ հեղեղում են որպես «հայկական կորուստներ» ներկայացվող, այլ պատերազմներում զոհված զինվորների աճյունների լուսանկարներ, նախկինում արված լուսանկարներ կամ այլ վայրերում տեղի ունեցած մարտերի լուսանկարներ: Լուսանկարների իսկությունը ստուգելու համար բեռնեք լուսանկարը համակարգիչ, այնուհետև՝ որոնեք Google image search միջոցով: (Chrome բրաուզերում վերոնշյալ գործառույթն առկա է մկնիկի աջ կոճակի մեկ հպմամբ՝ Search google for this image անվանման տակ): Եթե արդյունքներում տեսնեք արդի ամսաթվից հին ամսաթվով արված թեկուզ մի լուսանկար՝ ապա գործ ունեք նախկինում ֆիքսված փաստը կամ այլ վայրից արված լուսանկարը նորության տեղ հրամցնելու փորձի հետ:

Իսկական և «ֆեյք» տեսանյութեր

Տեսանյութի իսկությունը ստուգել ավելի դժվար է: Եթե այն տեղադրված է Youtube-ում, հարկավոր է պատճենել դրա լինքը, տեղադրել այն youtube data viewer ու որոնել: Կայքը ցույց կտա տեսանյութի օրիգինալը՝ երբեմն նաև նկարահանման տեղի ու ամսաթվի մասին տեղեկությամբ: Կրկին, եթե տեսանյութն արված է հին ամսաթվով՝ գործ ունեք կեղծիքի հետ:

Եթե տեսանյութը տեղադրված է գովազդով փող աշխատող կայքերից մեկում, չարժե վստահել դրանց ամպագոռգոռ վերնագիրներին. նրանց եկամուտի աղբյուրը դիտումների քանակն է, ուստի շատ հավանական է, որ տեսանյութն արվել է այլ վայրում ու տեղում, և այժմ որպես նորություն է ներկայացվում: Youtube data viewer-ը չունի այդպիսի կայքերի տեղեկությունը ստուգելու հնարավորություն: Սակայն, կարելի անել դրանցից մի քանի սքրինշոթ ու փորձել ստուգել դրանց իսկությունը՝ լուսանկարների համար նկարագրված մեթոդով:

Ադրբեջանական մամուլ

Չարժե վստահել բացարձակապես ոչ մի ադրբեջանական կայքի հայտնած տեղեկությանը, հատկապես, հաշվի առնելով այն փաստը, որ վերջին մի քանի տարիների ընթացքում հարևան երկրում արտասահմանյան, անկախ և ընդդիմադիր զլմ-ների ցանցը հիմնովին ջախջախվել է: Բացի այդ, համացանցում առկա են հայկական կամ ռուսաստանյան կայքերի անվան տակ գործող, իրականում՝ ադրբեջանական կայքեր: Նման կայքերի ցանկն առկա է մեդիափորձագետ, ՏՏ-անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի բլոգում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Հայկական ընթերցվող ԶԼՄ-ների Facebook-յան հարթակներում այս օրերին, հասկանալի պատճառներով, մեկնաբանությունների տարափ է սկսվում: Նրանց մեջ կարող են պատահել հայկական տասնյակ կամ հարյուրավոր զոհերի, գրավված տարածքների մասին «թարմ», «սվտահելի», «սեփական աչքով տեսած» կամ «բարեկամի հայտնած» տեղեկություններ: Վստահել, առավել ևս՝ տարածել նման տեղեկատվությունը չարժե. նման մեկնաբանությունների թիրախն ու գլխավոր հաշվարկը հենց խուճապային տրամադրություններ սերմանելն է:

Մեկ կայքում հայտնված տեղեկություն

Նախկինում գրանցվել են նաև ադրբեջանական ցանցահենների կողմից հայկական որևէ մեկ վստահելի կայք կոտրելու ու խոշոր զոհերի կամ տարածքներ կորցնելու մասին տեղեկություններ տեղադրելու դեպքեր: Եթե հանդիպում եք զոհերի, վիրավորների, տարածքային կորուստների մասին տեղեկատվության ընդամենը մեկ կայքում կամ ընդամենը մեկ կայքի վրա արված հղմամբ, հավանաբար, գործ ունեք ոչ թե էքսկլյուզիվի, այլ հաքերային գործողության արդյունքի հետ: Նույնը հատկապես ակտուալ է որևէ պաշտոնատար անձի վրա հղմամբ հայտնված տեղեկատվության դեպքում. ԼՂ ՊԲ-ն և ՀՀ ՊՆ-ն տեղադրում են կորուստների մասին տեղեկությունը իրենց կայքերմ՝ mil.am և nkrmil.am հասցեներում, ՊՆ խոսնակ Արծրուն Հովյաննիսյանն օպերատիվորեն տեղադրում է նման տեղեկությունը նաև իր facebook-յան էջում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել