Որոշ նախարարություններ անբարեխիղճ են վերաբերվում ամրակցված շենքերի, շինությունների նկատմամբ: Այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Դիմելով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ նա ասաց. «Ես հորդորում եմ ձեզ, որ վերահսկողություն սահմանեք այդ գույքի նկատմամբ այն նախարարությունների, գերատեսչությունների նկատմամբ, որ նորմալ վերաբերեն: Փորձը ցույց է տալիս, որ շատ գերատեսչութուններ ոչ նորմալ են վերաբերում, ավելի կոպիտ չասեմ: Փաստորեն 30 մլն դրամից ավելի գումար ներդնում ենք, որ նորից այդ շենքը վերանորոգենք, թե ինչո՞ւ է շենքն այդ վիճակում հայտնվել պարզ չի, չէ որ նախարարության պատասխանատուներն են այնտեղ աշխատել»,- նշեց նա:
Կառավարության այսօրվա նիստին Արման Սահակյանը ներկայացրել էր վարչությանը գույքեր հատկացնելու որոշումը, այդ թվում՝ նախկինում նախարարություններին պատկանող շենք ու շինություններ: Հովիկ Աբրահամյանը շեշտեց. «Մենք կենտրոնացնում ենք այդ բոլոր գույքը ձեզ մոտ, որ դուք տնօրինեք ու վերահսկեք: Ես երեկ մի քանի շենքեր եմ ուսումնասիրել, որոնք գտնվում են տարբեր գերատեսչություններում: Մենք ունենք բազմաթիվ շենք-շինություններ, որոնք չեն օգտագործվում մեր նպատակներին: Ունենք գերատեսչություններ ծառայություններ, ՊՈԱԿ-ներ, որոնք նստում են վարձով, հարկավոր է նախարարները, գերատեսչության ղեկավարներն այդ հարցին անդրադառնան, այնպես են բռնել այդ գույքը գերատեսչության ղեկավարները, որ չգիտեմ՝ ինչ են անում, ոչ էլ տարիներով գնում են ու այդ շենքերն ու շինությունները տեսնում են: Քայքայված, թալանված, կոտորված վիճակում են, երեկ գնացել եմ 2-3 շենք եմ նայել: Եթե մենք կարող ենք շենքերը՝ պետության սեփականությունը, վերանորոգենք, թող գերատեսչությունները գնան ու զբաղեցնեն այդ դրանք, ոչ թե գնան վարձով տարածքներ: Հանձնարարական եմ տվել պարոն Սահակյանին, շատ արագ առաջարկություն կներկայացնի, նաև կգույքագրենք, թե որ գերատեսչություններն են նստում վարձով, հարցին պետք է գլոբալ լուծում տանք»,- եզրափակեց նա: