Իրեղեն ապացույցներ են այն առարկաները, որոնք իրենց արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների հաստատման միջոց դառնալ: Իրեղեն ապացույցներ են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները:
Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույցները վերադարձվում են այն անձանց, որոնցից դրանք ստացվել են, կամ հանձնվում են այն անձանց, որոնց իրավունքն այդ առարկաների նկատմամբ ճանաչել է դատարանը, կամ իրացվում են դատարանի սահմանած այլ կարգով:
Առարկաները, որոնք օրենքի համաձայն չեն կարող գտնվել առանձին անձանց տիրապետման ներքո, հանձնվում են համապատասխան իրավասու պետական մարմնին:
Առանձին դեպքերում գործի քննության ընթացքում դատարանն իրեղեն ապացույցները զննելուց և հետազոտելուց հետո կարող է վերադարձնել այն անձանց, որոնցից ստացվել են, եթե վերջիններս այդ մասին միջնորդում են, և նման միջնորդությունը բավարարելը վնաս չի հասցնի վեճի ճիշտ լուծմանը:
Իրեղեն ապացույցները պահպանվում են դատարանում կամ հանձնվում են ի պահ:
Իրեղեն ապացույցները, որոնք չեն կարող բերվել դատարան, պահպանվում են դրանց գտնվելու վայրում: Դրանք պետք է մանրամասն նկարագրվեն և (կամ) կնքվեն, իսկ անհրաժեշտության դեպքում` լուսանկարվեն կամ տեսանկարահանվեն:
Դատարանը միջոցներ է ձեռնարկում իրեղեն ապացույցներն անփոփոխ վիճակում պահպանելու համար:
Իրեղեն ապացույցների պահպանման ծախսերը բաշխվում են կողմերի միջև:
Աղբյուրը` Իրավաբան.net