Այսօր՝ հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի բացման օրը, ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նրա խոսքով՝ օրինագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքի ընդհանուր եւ հատուկ մասերի դրույթների միջեւ առկա ներքին հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ:
«Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ Քրեական օրենսգիրքն առավել համահունչ դարձնել ՀՀ Սահմանադրությանը` բացառելով նաեւ սխալ պատժատեսակների եւ պատժաչափերի նշանակման հնարավորությունը»,- նշեց օրինագծի համահեղինակը:
ՀՀ կառավարության կարծիքը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ փոփոխությունները շատ կարեւոր են:
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ դրական էր նաև ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը:
Հիշեցնենք, որ այս օրինագծի հեղինակներ են պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, Մնացական Մնացականյանը, Ռուզաննա Մուրադյանը և Արփինե Հովհաննիսյանը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net