Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար

ՀՀ գլխավոր դատախազի` սեպտեմբերի 6-ի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` քաղաքացու կողմից փաստաթղթեր կեղծելու եւ դրանց օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազին կաշառք տալու եւ ստանալու դեպքերի առթիվ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ Ս. Ափոյանը 2012 թվականի մայիսի 8-ին վարկային կազմակերպություն է ներկայացրել տան նկատմամբ սեփականության իրավունքի նախապես կեղծված վկայականն ու նույն տան գնահատման տեղեկանքը, եւ այն գրավադնելով իր ծանոթի անվամբ` որպես վարկ ստացել է 4.400.000 ՀՀ դրամ ու խաբեությամբ հափշտակել: Օրեր անց՝ մայիսի 31-ին, Ս.Ափոյանը նույն վարկային կազմակերպություն է ներկայացրել մեկ այլ տան նկատմամբ իրավունքների պետական գրացման վկայական, գնահատման տեղեկանքն ու անհրաժեշտ այլ փաստաթղթեր, որը գրավադնելով իր մեկ այլ ծանոթի անվամբ` ստացել է 43.000 ԱՄՆ դոլարի վարկ եւ հափշտակել: Օգոստոսի 31-ին նույն անձը փորձել է նույն վարկային կազմակերպությունից նույն եղանակով ստանալ եւս 40.000 ԱՄՆ դոլարի վարկ մեկ ուրիշ անձի անվամբ, սակայն գործարքը չի կարողացել ավարտին հասցնել` իր կամքից անկախ պատճառներով:

Վարկային կազմակերպության իրավախորհրդատու Լ.Զաքարյանը սեպտեմբերի 6-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` Ս.Ափոյանի կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ համապատասխանաբար 4.400.000 ՀՀ դրամ եւ 43.000 ԱՄՆ դոլար վարկ ստանալու եւ յուրացնելու վերաբերյալ: Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում Ս.Ափոյանը բացատրություն է տվել, որ կեղծ գործարքների վերաբերյալ հաղորդմանը պատշաճ ընթացք չտալու համար նախօրեին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Խ.Բաղդասարյանը պահանջել եւ ստացել է 9.000 ԱՄՆ դոլար կաշառք կաշառք:

Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ եւ այն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու:

Օպերատիվ ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել հիմնավոր ապացույցներ ինչպես Ս.Ափոյանի կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, այնպես էլ վարկային կեղծ փաստաթղթերի վերաբերյալ ստացված հաղորդմանը ընթացք չտալու համար Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Խ.Բաղդասարյանի կողմից իրենց ընդհանուր ծանոթ Ա.Ղուկասյանի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու վերաբերյալ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա նախաքննական մարմինը որոշումներ է կայացրել ՝ Խ.Բաղդասարյանին, Ա.Ղուկասյանին եւ Ս.Ափոյանին քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Ս.Ափոյանին մեղադրանք է առաջադրվել փաստաթղթեր կեղծելու եւ դրանք օգտագործելու, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, հափշտակության փորձ կատարելու, կաշառք տալու, Ա.Ղուկասյանին՝ կաշառքի միջնորդություն անելու համար: Քննիչի որոշմամբ Խ.Բաղդասարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություններ են տրվել համապատասխան մարմիններին օպերատիվ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները Խ.Բաղդասարյանին հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրենք լրացուցիչ` տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել