Օրենսդրորեն ամրագրվել է քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն` հանցագործությունից կամովին հրաժարվելու դեպքում: Այն խթանում է անձին` հետ կանգնելու իր հանցավոր մտադրությունից՝ հանցագործությունն ավարտին հասցնելուց:
«Հանցագործությունից կամովին հրաժարում է համարվում անձի կողմից հանցագործության նախապատրաստությունը կամ հանցափորձը կամ անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողությունը կամ անգործությունը դադարեցնելը, եթե անձը գիտակցել է հանցագործությունն ավարտին հասցնելու հնարավորությունը», – այս մասին Իրավաբան.net-ին հաղորդում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
Վերջինիս խոսքով՝ հանցագործությունն ավարտին հասցնելուց կամովին հրաժարված անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նրա՝ փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում:
Հանցագործության կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը կամովին հրաժարվելու դեպքում ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նա, պետական մարմիններին հաղորդելով կամ ձեռնարկված այլ միջոցներով, կանխել է կատարողի կողմից հանցագործությունն ավարտին հասցնելը:
Օրենսդրական այս ձևակերպման նպատակը հանդիսանում հանցագործությունների կանխումը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net