Հրապարակային է համարվում առևտրային կազմակերպության կնքած և ապրանքներ վաճառելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու նրա պարտականությունները սահմանող պայմանագիրը, որոնք այդ կազմակերպությունն իր գործունեության բնույթով պետք է իրականացնի յուրաքանչյուրի նկատմամբ, ով կդիմի իրեն (մանրածախ առևտուր, ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրումներ, կապի ծառայություններ, էներգամատակարարում, բժշկական, հյուրանոցային սպասարկում և այլն):
Հրապարակային պայմանագիրը կնքելու դեպքում առևտրային կազմակերպությունն իրավունք չունի որևէ անձի նախապատվություն տալ այլ անձի հանդեպ:
Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գինը, ինչպես նաև հրապարակային պայմանագրի այլ պայմանները բոլոր սպառողների համար սահմանվում են միանման:
Սպառողին ապրանքներ տրամադրելու, նրա համար աշխատանքներ կատարելու և նրան ծառայություններ մատուցելու հնարավորության դեպքում առևտրային կազմակերպությունը չի կարող հրաժարվել հրապարակային պայմանագիր կնքելուց:
Առևտրային կազմակերպության կողմից հրապարակային պայմանագիրը կնքելուց անհիմն կերպով խուսափելու դեպքում մյուս կողմն իրավունք ունի դատարան դիմել` պայմանագիրը կնքելուն հարկադրելու պահանջով:
Օրենքով նախատեսված դեպքերում կառավարությունը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող են հրատարակել հրապարակային պայմանագիր կնքելու և կատարելու վերաբերյալ կողմերի համար պարտադիր կանոններ (օրինակելի պայմանագրեր և այլն):
Հրապարակային պայմանագրի` վերը սահմանված պահանջներին չհամապատասխանող պայմաններն առոչինչ են:
Աղբյուրը` Իրավաբան.net