Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը նախատեսված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածում: Միաժամանակ նույն օրենսգրքի 114-րդ հոդվածում նախատեսված են այն ժամանակահատվածները և դեպքերը, որոնց ընթացքում գործատուն չի կարող աշխատողին ազատել աշխատանքից:
«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանի խոսքով` արգելվում է աշխատանքային պայմանագիրը լուծել`
1. աշխատողի ժամանակավոր անաշխատունակության վիճակում,
2. արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում,
3. հղիության մասին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիս լրանալը,
4. մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում (բացառությամբ կազմակերպության լուծարման (ԱՁ-ի գործունեության դադարման), աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու, աշխատողի վրա դրված պարտականություները անհարգելի պատճառով պարբերաբար չկատարելու, աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու, աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու, անհարգելի պատճառով մեկ ամբողջ աշխատանքային օր աշխատանքի չներկայանալու, պարտադիր բժշկական զննությունից խուսափելու դեպքերի),
5. գործադուլ հայտարարելու վերաբերյալ որոշում ընդունվելուց հետո և դրա ընթացքում,
6. պետական կամ տեղական մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածում (բացառությամբ զինվորական ծառայության զորակոչվելու դեպքի):
Աղբյուրը` Իրավաբան.net