Հայկական բանակը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ամենամեծ ճյուղն է և բաղկացած է ցամաքային ուժերից` պատասխանատու երկրի ռազմական գործողությունների համար: Այն հիմնադրվել է Հայկական ռազմական ուժերի այլ բաղկացուցիչների հետ համատեղ, 1992թ. Հունվարի 28-ին` Հայաստանի Հանրապետության անկախության, հռչակումից մի քանի ամիս հետո:
ՀՀ զինված ուժերը կազմված են զինվորական կառավարման կենտրոնական մարմնից, զորամիավորումներից, միավորումներից, զորատեսակներից և զորամասերից: Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի կազմում ընդգրկվում են նաև այլ զորքերը։
Զինված ուժերն իրականացնում են հետևյալ գործառույթները`
1) Հայաստանի Հանրապետության անվտանգության, պաշտպանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովումը.
2) ազգային անվտանգության հիմնարար արժեքների պաշտպանությունը.
3) Հայաստանի Հանրապետության վրա հնարավոր զինված հարձակման կանխումը, կասեցումը, լարվածության օջախի չեզոքացումը, պատերազմական գործողությունների իրականացումը, հրադադարի կամ հաշտության պարտադրումը՝ զինված ուժերի մասնակի կամ լրիվ ծավալմամբ.
4) մասնակցությունը արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին ու քաղաքացիական պաշտպանության, տարհանման, որոնողափրկարարական, փրկարարական, վթարավերականգնողական և մարդասիրական միջոցառումներին.
5) ռազմական սպառնալիքների բացահայտումը և դրանց դիմակայումը.
6) սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական ռեսուրսների անհրաժեշտ մարտական և զորահավաքային հնարավորությունների ապահովումը.
7) ռազմավարական (օպերատիվ) կիրառման և զորահավաքային ծավալման պլանների կատարումը.
8) միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարումը, ներառյալ` միացյալ զինված ուժերի կազմում մասնակցությունը միջազգային մարդասիրական և փրկարարական, խաղաղապահ և կայունացման գործողություններին.
9) մասնակցությունը դիվերսիոն-հետախուզական և ահաբեկչական գործողությունների կանխմանը և չեզոքացմանը.
10) պաշտպանության բնագավառում տեղեկատվական անվտանգության ապահովումը:
Զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար:
Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, որը կազմակերպում և վերահսկում է զինված ուժերի ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը:
Զինված ուժերի կառավարումն իրականացնում է գլխավոր շտաբի պետը, որը հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը:
Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո:
Աղբյուրը` Իրավաբան.net