Ինչպես ոստիկանները բացեցին Բաղրամյան պողոտան

Երեկ 23:00-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ 6 ժամ է տալիս Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին` փողոցի երթևեկելի հատվածն ազատելու համար: Այսօր` վաղ առավոտյան 05:00-ին, ոստիկանությունը նախ հայտարարեց, որ ևս 30 րոպե է տալիս, հակառակ դեպքում սեփական ուժերով կազատի պողոտան: 30 րոպե անց ոստիկանական հատուկ ուժերը, այսպես կոչված, «Հրեշտակների գումարտակն» անցավ գործողությունների, նրանք խումբ կազմած մխրճվեցին ցուցարարների մեջ և սկսեցին բացազատվել դեպի մայթ: Այս ընթացքում ցուցարարներից ոմանց բերման էին ենթարկում: Ավելի ուշ` «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արա Կարագյոզյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոստիկանների գործողությունների ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ տուժել են, այդ թվում` ինքը: Նա ասաց, որ հրմշտոցի ժամանակ վայր է ընկել ու վնասել ոտքը: Ակցիային հետևող դիտորդներից մեկն էլ փոխանցեց, որ ոստիկանները հեռախոսի միջոցով ճշտում էին, թե ում է պետք բերման ենթարկել և անգամ փողոցը բացելուց հետո մայթից բերան էին ենթարկում ցուցարարներից: Պողոտայի երթևեկելի հատվածը ազատելուց հետո փողոցը մաքրեց ջրցան մեքենան: Թե քանի անձի են բերման ենթարկել ոստիկանները` ոչ վերջիններս, ոչ էլ ցուցարարները տեղեկություն չեն տրամադրում:

 

Լուսանկարները` Գևորգ Թոսունյանի

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել