Ե՛վ այստեղ, և՛ այնտեղ ուժեր կային, որոնց Կարեն Սերոբիչը շատ խանգարեց. Ռիմա Դեմիրճյան

Ազգային ժողովում հարգանքի տուրք են մատուցում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին՝ հուշաքարի մոտ:

ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանեց պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը:

«Ծանր օր է՝ ծանր հիշողություններով լի: Ես ցանկանում եմ, որ մեր երկիրը խաղաղ ապրի, հաջողություն ունենա, միասնական լինենք և նման բաներ էլ մեր կյանքում չկատարվեն: Սա մեծ կորուստ էր և գնալով ես զգում եմ, թե ինչպես են բոլորը դա հասկանում: Նոր ալիք է բարձրացել, անընդհատ Կարեն Սերոբիչով հետաքրքրվում են: Եվ ինձ հաճելի է, որ երիտասարդներն են գալիս թանգարան, հետաքրքրվում, նյութեր խնդրում: Պետք է նրա կատարած աշխատանքից դասեր քաղել»,-նշեց նա:

Ռիմա Դեմիրճյանի խոսքով՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին կատարվածում կար արտաքին ուժերի միջամտությունը. «Ես փաստեր չունեմ, բայց համոզված եմ, որ և՛ այստեղ, և՛ այնտեղ ուժեր կային, որոնց Կարեն Սերոբիչը շատ խանգարեց: Դուք մի մտածեք, թե հանցագործները նստած են: Նրանք միայն կիլերներ են եղել: Նրանց ոչ ոք չի բացատրել, թե ինչ են անում: Խաղացել են նրանց բացասական հատկանիշների վրա»:

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարվեց հարձակում՝ հերթական նստաշրջանի կառավարության հարց ու պատասխանի ժամանակ: Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերևարվել։

Հոկտեմբերի 27-ի գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է  ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել