Արզգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանը «ZAZ» մակնիշի ավտոմեքենայով 2015 թվականի ապրիլի 4-ին՝ 18։57-ին 153կմ/ժ արագությամբ ընթացել է Սևան-Երևան ավտոճանապարհով․ արագաչափը ֆիքսել է արագությունը։
Սա ոչ թե հումոր է, այլ հատված դատական գործից, որը դատարանները քննում են արդեն երկու տարի։
Տուգանքը ստանալուց հետո պարոն Պողոսյանն այն չի մուծել, իսկ ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը 09.09.2015 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ պատգամավորի։
Հայցվորը, դիմելով դատարան, հայտնել է, որ պատասխանողը ճանապարհային ոստիկանության 16.04.2015թ. որոշմամբ ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 124․4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ենթարկվել է վարչական տույժի 200 հազար ՀՀ դրամի չափով՝ «ZAZ» մակնիշի 55 UL 333 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդ 04.04.2015 թվականին՝ ժամը 18։57-ին, Սևան-Երևան ավտոճանապարհին 153կմ/ժ արագությամբ երթևեկելու համար։
ՃՈ-ն խնդրել է պատասխանողից ՀՀ ոստիկանության ՃՈ հաշվին վճարելու համար բռնագանձել 300 հազար ՀՀ դրամ գումար՝ ներառյալ ավելացված տույժերը։
Միաժամանակ ներկայացված հայցադիմումով խնդրել է բաց թողնված դատավարական ժամկետը համարել հարգելի։
30.09.2015 թվականին Դատարանը որոշում է կայացրել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։
Դատարանը փաստարկված է համարել հայցը և գտել, որ ներկայացված հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման, ուստիև պատասխանողից հօգուտ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետք է բռնագանձել 300.000 ՀՀ դրամ և 6.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
Վճիռը կայացրել է երիտասարդ դատավոր Արման Թովմասյանը։
2015թ․-ին Միհրան Պողոսյանը դեռևս զբաղեցնում էր ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության պետի պաշտոնը։
Թեև «ZAZ»-ը հայ հանրությանը հայտնի է «Զապ» կամ «Զապորոժեց» կոչվող մոդելներով, սակայն ներկայումս ուկրաինական ընկերութունը արտահանում է նոր մոդելի ավտոմեքենաներ, որոնցից մի քանիսը ներկրվել են Հայաստան, օրինակ՝ «ZAZ-Tavria»-ն։ Թե կոնկրետ ինչ մեքենա է վարել Միհրան Պողոսյանը, նշված չէ դատական ակտերից ոչ մեկում, չի բացառվում՝ ձևափոխված «Զապորոժեց» լինի, քանի որ գործարանային արտադրության «Զապորոժեց»-ը արագությունը 121 կմ/ժ-ից ավելի չի կարող գերազանցել։
Վարչական դատարանի վճռի կայացումից հետո Միհրան Պողոսյանի փաստաբանական թիմը կանգ չի առել, նրանք բողոք են ներկայացրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը վերադարձնել՝ նշելով, որ այն կարող է բողոքարկվել 5-օրյա ժամկետում։
Վարչական ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու մասին երկրորդ բողոքը կրկին քննել է նույն կազմը՝ Արթուր Առաքելյանի նախագահությամբ։
Այսօր՝ մայիսի 23-ին դատարանը հրապարակեց որոշումը՝ բավարարելով այն մասնակի, բեկանեց Վարչական դատարանի վճիռն ու կարճեց գործի վարույթը․ «Որպես բողոք բերելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար ՀՀ ոստիկանության ՃՈ-ից հօգուտ Միհրան Պողոսյանի բռնագանձել 9000 ՀՀ դրամ, ավելի վճարված 1000 դրամը վերադարձնելով Միհրան Պողոսյանի»,- որոշումը հրապարակեց դատավոր Արթուր Առաքելյանը։
Միհրան Պողոսյանը «3» թվերի սիրահար է՝ դատելով նրա մեքենաների համարանիշներից, պատահական չէ, որ «ZAZ»-ն ունի ոչ սովորական համարանիշ՝ «55 UL 333»։ ԱԺ պատգամավորը և կինը վարում են կամ նախկինում են վարել «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենաներ, առաջինի համարանիշը՝ «333 AA 33» է, երկրորդինը՝ «33 OO 333»։ Այս մասին մի քանի անգամ գրել է մամուլը։
Միհրան Պողոսյանն իր առաջին հայտարարագիրը ներկայացրել է 2014թ․-ին՝ հիշատակելով միայն «RANGE ROVER SPORT Supercharged 4.2» մակնիշի ավտոմեքենայի վաճառքի վերաբերյալ, ո՛չ 2014թ, ո՛չ էլ հետագա տարիների հայտարարագրում Պողոսյանը չի նշել «ZAZ» մակնիշի ավտոմեքենայի առկայության մասին։
Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net