«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան». փոփոխություններ ՀՀ քաղաքացիների համար

Կառավարության մարտի 17-ի նիստի օրակարգում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի թիվ 98-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը:

Նշենք, որ վերը նշված որոշմամբ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը նպատակաուղղված է իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական աջակցության տրամադրմանը: Ըստ որոշման, երիտասարդ ասելով հասկացվում է 18-30 (ներառյալ) տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ երիտասարդ ընտանիք` ընտանիք, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ), և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը, կամ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնող:

Ըստ որոշման նախագծի առաջարկվում է  երիտասարդ համարել 18-35 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հետևապես երիտասարդ ընտանիքում ամուսինների գումարային տարիքը չի կարող գերազանցել 65 տարեկանը: 

Փոփոխություն է առաջարկվում նաև Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) արժեքի առավելագույն չափ ընդունվել 25.000.000 դրամը՝ ներկայումս գործող 16.000.000-ի փոխարեն:

Մասնավորապես, ըստ որոշման նախագծի առաջարկվում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական տվյալների՝ 2009 թվականի առաջին եռամսյակում Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում վաճառված բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գների վերլուծության արդյունքում ծրագրի շրջանակներում երիտասարդ ընտանիքի կողմից Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) արժեքի առավելագույն չափ է ընդունվել 25.000.000 դրամը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել