ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կարևորել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործման վերաբերյալ նախատեսվող զեկույցում անդրադարձը փախստականների իրավունքների ու կարիքների հասցեագրմանը։
Այս մասին նա նշեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից Ծաղկաձորում դեկտեմբերի 20-ին կազմակերպված Կայուն զարգացման նպատակների իրագործման վերաբերյալ Հայաստանի կողմից 2024 թվականին ներկայացվելիք Կամավոր ազգային 3-րդ զեկույցի մշակման գործընթացի մեկնարկային աշխատաժողովին։
«Այս տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներից հետո ՀՀ մարտահրավերներն էականորեն ավելացել են՝ թե մարդկային ներուժի զարգացման և, թե մարդու իրավունքների պաշտպանության առումներով։ Նա հատկապես կարևորեց փախստականների իրավունքների և կարիքների հասցեագրումը, որին ևս պետք է զեկույցում որոշակի անդրադարձ կատարել»,-շեշտեց Կոստանյանը՝ կարևորելով Կամավոր ազգային զեկույցը, որն, ըստ նրա, օգնում է համապատասխանաբար հասցեագրել թե ազգային, թե տարածաշրջանային, թե գլոբալ մարտահրավերները, որոնց բոլորս ականատես ենք լինում այսօր։
«Մենք արդեն իսկ երկու զեկույց ներկայացրել ենք 2018 և 2020 թվականներին, սակայն գաղտնիք չէ, որ այս անգամ՝ 2023 թվականին, այն կոնտեքստը, այն միջավայրը և այն մարտահրավերները, ըստ որոնց պիտի պատրաստվի այս զեկույցը, չափազանց տարբեր են՝ ի համեմատություն 2020 թվականի զեկույցի»,-մանրամասնեց փոխարտգործնախարարը։
Ըստ Կոստանյանի՝ Կառավարության, Արտաքին գործերի նախարարության և ՄԱԿ-ի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող աշխատաժողովն, ըստ էության, փորձ է՝ առավել ներառական դարձնելու գործընթացը Հայաստանի կողմից Կամավոր ազգային զեկույցի նախապատրաստման և ներկայացման համար։
«ՀՀ-ի համար «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ը շատ մեծ կարևորություն ունի։ Սա, ըստ էության, այն շրջանակներից մեկն է, որի մեջ ՀՀ կառավարությունը փորձում է տեղավորել ռեֆորմների գործընթացը, որը մենք ունենք, և հաշվի առնել երկու կոմպոնենտ դրանում՝ առաջինը մարդկային ներուժի զարգացումն է, երկրորդը՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը տարբեր ուղղություններով՝ սոցիալական, քաղաքական, մշակութային, հումանիտար»,-ասաց փոխարտգործնախարարը՝ հավաստիացնելով, որ ՀՀ-ի համար «2030 օրակարգ»-ի հետևողական իրագործումը կարևոր առաջնահերթություններից է»,-հավաստիացրեց Կոստանյանը՝ համոզմունք հայտնելով, որ զեկույցով փորձ է արվելու ամփոփել այն աշխատանքները, որոնք իրականացվել են Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար և միջանկյալ գնահատել ՀՀ կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացվածը։
Արտգործնախարարի տեղակալը կարևորեց աշխատաժողովին ներկա գործընկերների ներգրավումը այդ աշխատանքներին իրական գնահատական տալու համար։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Նաննա Սկաուն իր խոսքում անդրադարձավ Կայուն զարգացման նպատակներին հասնելու և Կամավոր ազգային զեկույցի կարևորությանը, նշանակությանը, մարտահրավերների ու խնդիրների լուծման համատեքստում։
Աշխատաժողովը միտված էր անդրադառնալու Կայուն զարգացման նպատակների իրականացման գլոբալ ու ազգային գործընթացներին, 2030 թվականի օրակարգին, քննարկելու Հայաստանի կողմից Կամավոր ազգային զեկույց ներկայացնելու գործընթացի բովանդակային ու կառուցվածքային մանրամասները և նախանշելու հետագա համագործակցության ուղենիշերը։
Մի քանի նիստերի շրջանակներում բանախոսներն անդրադարձան ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ին, Հայաստանի կողմից նախորդ Կամավոր ազգային զեկույցների պատրաստման գործընթացին, գրանցված հաջող փորձերին, այն բացթողումներին, որոնք կարող են լրացվել 3-րդ Կամավոր ազգային զեկույցի կազմման գործընթացում։
Աշխատաժողովին ներկա էին օրենսդիր և գործադիր իշխանության և քաղհասարակության ներկայացուցիչներ։