Համատիրությունների աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով համայնքը կառավարման էլեկտրոնային համակարգ կներդնի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են որ, մայրաքաղաքի մոտ 5000 բազմաբնակարան բնակելի շենքերը կառավարում են 260 համատիրությունները, իսկ 140 շենք էլ՝ լիազոր-կառավարիչները: Շենքերի պահպանման համար բնակիչներն ամեն ամիս պետք է վճարեն որոշակի գումար:

«Բազմաբնակարան շենքերի պահպանման վճարները պարտադիր են: Դա ընդհանուր բաժնային սեփականության պահպանման համար է»,-ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Որքա˚ն գումար է հավաքվում, ո˚ւր է ուղղվում այն և արդյո՞ք բնակիչները տեղեկացված են: Մենք շրջեցինք տարբեր վարչական շրջաններում:

Մի շարք համատիրություններ գումարները հիմնականում հավաքում են բանկային հաշվեհամարին փոխանցմամբ, իսկ հաշվետվություն ներկայացնում են ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով: Կապը բնակիչների հետ պահում են նաև սոցիալական ցանցերով:

«Յուրաքանչյուր շենքի համատիրության պարտավորվածության շրջանակում է ապահովել բազմաբնակարան շենքի պահպանման համար նախատեսված պարտադիր նորմերը, և քաղաքապետարանը այդ պարտադիր նորմերի կատարման վերահսկողություն կարող է իրականացնել, իսկ մնացած ամբողջ գործառույթները բաժնային սեփականատերերի տիրույթում են»,-նշում է Արսեն Կարոյանը:

Համատիրությունների մեծ մասը, սակայն, դեռ շարունակում է գումար հավաքել հսկիչների ուժերով, իսկ հաշվետվությունները լավագույն դեպքում փակցնել միայն մուտքերում: Որոշ հասցեներում հաշվետվությունների անգամ հետքը չգտանք:
Խնդիրը լուծելու համար համայնքը նախատեսում է համատիրություններում ներդնել բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ:

«Երևանում կան շենքեր, որոնք ներքին կարգով ստեղծել են էլեկտրոնային համակարգ, բայց, որպեսզի դա ընդգրկուն լինի, պետք է մշակվի ընդհանուր համակարգ: Երևանի քաղաքապետի կողմից հանձնարարական կա՝ մշակել էլեկտրոնային համակարգ, որն ավելի թափանցիկ կդարձնի շենքի կառավարումը: Այսինքն՝ պարտադիր նորմերի համար վճարված գումարները ավելի տեսանելի կլինեն մեր բնակիչների համար, թե ինչ նպտակով են ծախսվել»,-ասում է Արսեն Կարոյանը:

Նոր համակարգի ներդրումը համատիրությունների աշխատանքը կդարձնի առավել արդյունավետ, կամրացնի բնակիչ-համատիրություն կապն ու փոխվստահությունը:

Բնակիչները պետք է գիտակցեն, որ շենքն իրենց համատեղ սեփականությունն է ու այն պահպանելու համար պետք է ժամանակին կատարել վճարումները՝ չմոռանալով հետևել ծախսերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել