Մայր և որդի խաբեությամբ ձեռք են բերել մի խումբ անձանց անձնական տվյալներ, վերջիններիս անուններով առցանց վարկեր ձևակերպել

Իրինա Ղ.-ն նախնական համաձայնության գալով իր որդու՝ Սերգեյ Ռ.-ի հետ, 2020 թվականի մարտի 3-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով իր համագյուղացի Ք. Ղ.-ից խաբեությամբ խնդրել և ստացել է վերջինիս անձնագրի և բանկային քարտի տվյալները՝ հայտնելով, թե իր որդին գումար պետք է փոխանցի այդ բանկային քարտին: Իրինա Ղ.-ն Ք. Ղ.-ից ստացած տվյալները փոխանցել է որդուն՝ Սերգեյ Ռ.-ին, որն էլ օգտագործելով Ք. Ղ.-ի անձնագրային տվյալները, առցանց եղանակով ձևակերպել է 690․000 դրամի վարկ և վարկի գումարը փոխանցել Ք.Ղ.-ի բանկային քարտին: Որից հետո Իրինա Ղ.-ն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով Ք.Ղ.-ին հայտնել է, որ որդին 690․000 դրամ գումար է փոխանցել վերջինիս բանկային քարտին, որպեսզի ինքը այդ գումարը կանխիկացնի և փոխանցի իրեն: Ք. Ղ.-ն իր բանկային քարտից կանխիկացրել և Իրինա Ղ.-ին է փոխանցել նշված գումարը, որից հետո որդին առցանց եղանակով համագյուղացու անունով ևս մեկ 100․000 դրամի վարկ է ձևակերպվել և փոխանցել Ք.Ղ.-ի բանկային քարտին, որը Իրինա Ղ.-ն նույն կերպ ստացել է:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Գործը վարույթ է ընդունել 2022 թվականի հունվարի 14-ին և մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանին:

Իրինա Ղ.-ն 2020 թվականի հունվարի 21-ին զանգահարել է իր ծանոթ Ծ. Գ.-ին և խնդրել վերջինիս բանկային քարտը՝ պատճառաբանելով, թե որդին գումար պետք է փոխանցի: Ծ. Գ.-ն նրանց տրամադրել է իր բանկային քարտը և ծածկագիրը: Իրինա Ղ.-ն և Սերգեյ Ռ.-ն Ծ. Գ.-ի բանկային քարտի և անձնագրային տվյալները օգտագործելով առցանց եղանակով ձևակերպել են 690 հազար դրամի վարկ, որը նույն օրը կանխիկացրել են, իսկ բանկային քարտը Իրինա Ղ.-ն նույն օրը երեկոյան փոխանցել է Ծ. Գ.-ին:

Նույն օրը  Իրինա Ղ.-ն զանգահարել է իր ծանոթ Հ. Հ.-ին և նույն պատճառաբանությամբ ստացել վերջինիս անձնագրի ու բանկային քարտի տվյալները: Իրինա Ղ.-ն և Սերգեյ Ռ.-ն վերջինիս անունով առցանց եղանակով ձևակերպել են 680 հազար դրամի վարկ, որը նույն օրը կանխիկացրել են:

Իրինա Ղ.-ն և Սերգեյ Ռ.-ն նույն եղանակով առցանց Ն. Հ.-ի և Ա. Ի.-ի անունով ձևակերպել են 580 հազար և 510 հազար դրամի վարկեր և կանխիկացրել դրանք:

Նշված անձինք առցանց վարկ են ձևակերպել նաև Մ. Մ.-ի անունով, որը ընկերական հարաբերությունների մեջ է եղել Իրինա Ղ.-ի հետ:

2019 թվականի փետրվարին մայր և որդի այցելել են Մ. Մ.-ին և առաջարկել իր անվամբ բանկային քարտ վերցնեն բանկից՝ արտերկրից այդ քարտին գումար փոխանցելու պատրվակով: Նույն օրը երեքով գնացել են բանկ և դիմում ներկայացրել բանկային քարտ ստանալու համար: Որից հետո Իրինա Ղ.-ն և Սերգեյ Ռ.-ն խաբեությամբ ստանալով Մ. Մ.-ի անձնագրի և բանկային քարտի տվյալները, առանց վերջինիս գիտության, առցանց եղանակով ձևակերպել են 1 միլիոն դրամի վարկ:

Կատարվածից մի քանի ամիս անց, 2019 թվականի ամռանը, Սերգեյ Ռ.-ն կրկին այցելել է Մ. Մ.-ի տուն և խնդրել վերջինիս անձնագիրը՝ կայքէջ բացելու համար: Մ. Մ.-ն զանգահարել է Իրինա Ղ.-ին, որն էլ հայտնել է, որ իր անձնագիրը տրամադրի Սերգեյ Ռ.-ին, քանի որ վտանգավոր ոչինչ չկա: Վերցնելով վերջինիս անձնագիրը Սերգեյ Ռ.-ն նկարել է այն և կրկին վերադարձրել:

Վերջիններս՝ ստանալով Մ. Մ.-ի անձնագրի տվյալները, առցանց եղանակով ձևակերպել են 310 հազար դրամի վարկ: Մեկ ամիս անց Սերգեյ Ռ.-ն կրկին այցելել է Մ. Մ.-ի տուն, որտեղ վերջինիս առաջարկել է իր անվամբ բանկային քարտ վերցնել բանկից՝ արտերկրից այդ քարտին գումար փոխանցելու պատրվակով: Մ. Մ.-ն կրկին զանգահարել է Իրինա Ղ.-ին, որն էլ հայտնել է, որ չի կարող իրենց հետ բանկ գնալ և առաջարկել է Սերգեյի հետ գնալ:

Որից հետո Մ. Մ.-ն Սերգեյ Ռ.-ի հետ գնացել է բանկ, որտեղ վերջինիս անվամբ բացել են հաշվեհամար և փոխանցել Սերգեյ Ռ.-ին: Այս անգամ ևս մայր և որդի՝ ստանալով Մ. Մ.-ի բանկային հաշվեհամարի տվյալները, վերջինիս անվամբ առցանց եղանակով ձևակերպել են 400 հազար դրամի վարկ:

Իրինա Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելը):

Սերգեյ Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 184-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել