Փակ կտակ. Ո՞վ է կազմել աշխարհի ամենագաղտնի կտակը

Կտակը պետք է կազմվի գրավոր` նշելով այն կազմելու վայրը և ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից:

Աշխարհի ամենագաղտնի կտակը կազմել է միլիարդատեր Միշել Ռոդշիլդը: Կտակում մասնավորապես ասվել է. «Կտրականապես արգելում եմ կտակիս ցանկացած նկարագրություն, դատական միջամտություն կամ այլ կերպ հրապարակում»:

Դա է պատճառը, որ մինչև օրս որևէ մեկին հայտնի չէ միլիարդատիրոջ իրական կարողության չափը:

«ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ կտակարարի ցանկությամբ նոտարը կտակը վավերացնում է առանց դրա բովանդակության հետ ծանոթանալու (փակ կտակ):

Փակ կտակը պետք է գրի և ստորագրի անձամբ կտակարարը»,-Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

Իրավաբանի խոսքով` կտակարարը փակ կտակը փակ (սոսնձված) ծրարով հանձնում է նոտարին` երկու վկայի ներկայությամբ, որոնք ծրարի վրա դնում են իրենց ստորագրությունները: Վկաների ստորագրած ծրարը նոտարը նրանց ներկայությամբ տեղադրում է մեկ այլ ծրարում, փակում (սոսնձում) է այն և վրան կատարում վավերացնող մակագրություն: Վավերացնող մակագրությունը պետք է տեղեկություններ պարունակի կտակարարի, ումից նոտարը ստացել է փակ կտակը, փակ կտակի ստացման վայրի, տարվա, ամսվա, ամսաթվի և յուրաքանչյուր վկայի անվան ու նրա բնակության վայրի մասին:

Նոտարը, կտակարարից ստանալով կտակով ծրարը, պարտավոր է կտակարարին պարզաբանել ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը:

Վերը նշված կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության, որի մասին նոտարը պարտավոր է նախազգուշացնել կտակարարին:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել