Վարչապետի որոշումն ուժի մեջ է մտել․ հաստատումներ՝ ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության հետ կապված

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 3-ին որոշում է ստորագրել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու և դրա աշխատակարգը հաստատելու վերաբերյալ։

Որոշումն ուժի մեջ է մտել օգոստոսի 5-ին։

Հաստատվել են նաև աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի և ուսումնասիրության ենթակա քրեական գործերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի:

Հավելված 1-ի համաձայն ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խմբի աշխատակարգն է․

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Աշխատակարգը կարգավորում է սույն որոշման N 3 հավելվածով թվարկված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ստեղծված աշխատանքային խմբի (այսուհետ’ աշխատանքային խումբ) գործունեության նպատակի, խնդիրների և աշխատանքի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանքային խմբի գործունեության նպատակն է ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայած զինծառայողների` ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի առնչությամբ հարուցված` սույն որոշման N 3 հավելվածով թվարկված քրեական գործերը (այսուհետ` գործեր): Նշված գործերից յուրաքանչյուրով աշխատանքային խումբը կազմում և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում խորհրդատվական եզրակացություն:

3. Աշխատանքային խմբի խնդիրներն են`

  1. վերհանել գործերի քննության ընթացքում քրեաիրավական և քրեադատավարական նորմերի ենթադրյալ խախտումները.
  2. վերհանել քննության լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության ենթադրյալ խախտումները.
  3. վերհանել քննության համար պատասխանատու անձանց կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումներն ու չարաշահումները:

4. Աշխատանքային խմբի գործունեությունը չի կասեցնում կամ որևէ կերպ սահմանափակում քննվող գործերի շրջանակներում տուժողների իրավահաջորդների կողմից իրենց իրավունքների իրականացումը, այդ թվում` գործերի քննության ընթացքում միջնորդությունների և առարկությունների ներկայացումը, քննչական կամ այլ դատավարական գործողություններին մասնակցությունը, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունների և որոշումների, այդ թվում` դատավճիռների և դատարանի այլ վերջնական ակտերի բողոքարկումը:

5. Աշխատանքային խմբի գործունեությունը չի կարող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործերի շրջանակներում դիտվել որպես պետության կողմից գործերի քննությանն ուղղված արդյունավետ միջոց, և աշխատանքային խմբի գործունեության արդյունքները չեն կարող ազդել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռների և որոշումների` պետության կողմից պատշաճ կատարման պարտականության վրա:

6. Աշխատանքային խմբի գործունեության ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սույն որոշման N 3 հավելվածում նշված` ուսումնասիրության ենթակա գործով խախտման արձանագրմամբ վճիռ կայացվելու դեպքում աշխատանքային խումբը դադարեցնում է տվյալ գործի ուսումնասիրությունը:

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

7. Աշխատանքային խումբը կազմված է վեց անդամից` Հայաստանի Հանրապետության վարչապետի և սույն որոշման N 3 հավելվածով թվարկված գործերով տուժողների իրավահաջորդների երեք ներկայացուցիչներից: Աշխատանքային խմբի անհատական կազմը հաստատվում է սույն որոշման N 2 հավելվածով:

8. Աշխատանքային խմբի անդամն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով, ինչպես նաև սույն աշխատակարգով:

9. Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցները) միջամտությունը աշխատանքային խմբի գործունեությանը:

10. Աշխատանքային խումբը սույն աշխատակարգի 2-րդ կետով սահմանված խնդիրներն իրականացնելիս առաջնորդվում է նաև Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ գործող մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմինների իրավական դիրքորոշումներով:

11. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ստացված տեղեկատվությունը չի կարող օգտագործել խմբի գործունեության շրջանակներից դուրս, անձնական կամ մասնավոր այլ նպատակներով, հրապարակել դրանք կամ այլ կերպ հասանելի դարձնել հասարակությանը: Խմբի գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը պարբերաբար հանրությանը տեղեկացնում է աշխատանքների ընթացքի և միջնաժամկետ արդյունքների վերաբերյալ:

12. Աշխատանքային խումբն իր գործունեության շրջանակներում քրեական վարույթն իրականացնող մարմնի աջակցությամբ կարող է ստանալ իր կողմից ուսումնասիրության ենթակա քրեական գործերի պատճեններն ամբողջությամբ` բացառությամբ պետական գաղտնիք կազմող նյութերի, ինչպես նաև կարող է պետական իրավասու մարմիններ ուղարկել հարցումներ, ստանալ պատասխաններ, պարզաբանումներ:

13. Քրեական գործերում առկա փորձաքննության արդյունքների ոչ բավարար հիմնավորվածության կամ դրանց ում դատավարական կանոնների ենթադրյալ խախտումների առկայության վերաբերյալ դիտարկումներն աշխատանքային խմբի կողմից ամրագրվում են խորհրդատվական եզրակացությունների մեջ:

14. Աշխատանքային խումբը յուրաքանչյուր գործով ուսումնասիրությունն սկսելուց առաջ և գործով եզրակացությունը կազմելուց առաջ հանդիպում է տվյալ գործով տուժողի իրավահաջորդի (իրավահաջորդների) հետ:

III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

15. Աշխատանքային խումբը սույն աշխատակարգով նախատեսված քրեական գործերից յուրաքանչյուրի ուսումնասիրությունն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում իր գործունեության և դրա արդյունքների մասին գրավոր խորհրդատվական եզրակացություն, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև բանավոր պարզաբանումներ: Եզրակացությունների համառոտ` նախաքննության կամ պետական գաղտնիք, ինչպես նաև անձնական տվյալ հանդիսացող տեղեկություններ չպարունակող տարբերակները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից:

16. Եզրակացությունները կազմվում են աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի կողմից ուսումնասիրության առարկա յուրաքանչյուր գործի կապակցությամբ ներկայացված գրավոր կարծիքների հիման վրա: Եթե խնդրո առարկա որևէ հարցի վերաբերյալ խմբի անդամներին չի հաջողվում ձևավորել միասնական մոտեցում, ապա խորհրդատվական եզրակացությունների մեջ շարադրվում են խմբի անդամների կողմից գրավոր ներկայացված բոլոր կարծիքները:

17. Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խումբը կարող է իր կողմից վեր հանված առանձին հարցերի վերաբերյալ եզրակացություններն ուղարկել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» N 1441-Լ որոշման N 1 հավելվածով նախատեսված Փաստահավաք հանձնաժողովին:

18. Աշխատանքային խմբի գործունեությունը դադարում է սույն որոշման N 3 հավելվածով թվարկված քրեական գործերի ուսումնասիրության և դրա արդյունքում կազմված բոլոր գրավոր խորհրդատվական եզրակացությունները, իսկ անհրաժեշտության դեպքում’ նաև բանավոր պարզաբանումները Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելուց հետո:

Հավելված 2-ի համաձայն աշխատանքային խմբի կազմում են՝

  • Աննա Վարդապետյան  – ՀՀ վարչապետի օգնական,
  • Արայիկ Պապիկյան – փաստաբան, արտոնագիր թիվ 970,
  • Դավիթ Գյուրջյան – փաստաբան, արտոնագիր թիվ 1897,
  • Զարուհի Մեջլումյան – փաստաբան, արտոնագիր թիվ 2511,
  • Լալա Բեգոյան- ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության մասնագետ,
  • Պետիկ Մկրտչյան – ՀՀ արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար:

Հավելված 3-ի համաձայն ուսումնասիրության ենթակա ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը․

          Հ/Հ – Զինծառայող – Գործի համար

  1. Տիգրան Սուրենի Օհանջանյան – 90603807,
  2. Լևոն Արսենի Թորոսյան – 90753018,
  3. Վալերիկ Ազատի Մուրադյան – 90951310,
  4. Արթուր Սումբատի Ղազարյան – 90150611,
  5. Արման Հովսեփի Մուրադյան – 90857913,
  6. Արսեն Արթուրի Մխիթարյան – 90757016,
  7. Անդրանիկ Արմենի Մկրտչյան – 90556717,
  8. Էմիլ Գագիկի Մաթևոսյան – 90404996։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել