Սուտ մատնության ևս մեկ դեպքի վերաբերյալ քր․գործի նախաքննություն ավարտվեց մեղադրական եզրակացությամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ»  քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը հանցագործության մասին սուտ մատնություն է կատարել` ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազին հանիրավի մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Այսպես, Ս. Մխիթարյանը 07.09.2017թ.-ին հաղորդում է տվել, որ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազ Գ. Գրիգորյանի մոտ ընդունելության ժամանակ վերջինս իրեն հայհոյանքներ է տվել, ապա` գրպանից հանելով ավտոմեքենայի բանալին և դանակը, սպառնացել է դրանցով սպանել իրեն: Այդ պատճառով քրեակատարողական հիմնարկում ինքնավնասումներ է կատարել:

Դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյոնքում հիմնավորվել է, որ վերջինս ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել նախաքննական մարմնին ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Հիշյալ հանգամանքը խոստովանել է նաև Ս. Մխիթարյանը: Վերջինիս կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել հանցադեպի բացակայության հիմքով ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Սուտ մատնություն կատարելու համար Ս. Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Վերը նշված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել