Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր քննադատել է Ազգային ժողովի երեկվա որոշումը` Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին:

Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Ուշադրությամբ ծանոթացա «գործի» հրապարակված նյութերին եւ չկարողացա գտնել գլխավոր հարցի պատասխանը` ի՞նչ գործ ունեն ԱԱԾ-ն, դատախազությունն ու խորհրդարանը Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի եւ նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի բարիդրացիական հարաբերությունների հետ: Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետեւանքներով: Իսկ դա ամենեւին էլ այն չէ, ինչի կարիքն այսօր Հայաստանն ունի: Վարդան Օսկանյանը ամենահաջողակ նախարարներից էր եւ իշխանության փորձությանը դիմացած հայ քաղաքակական գործիչներից մեկն է:

Արդյունավետ ու ազնիվ էր ինչպես նախկինում` իշխանության մեջ, այնպես էլ` հիմա: Բացառիկ արդարամիտ է, եւ սա հազվադեպ որակ է մեր քաղաքական իրողություններում: Այդպիսի որակների եւ վաստակի համադրություն ունեցող մարդկանց պետք է փայփայել, այլ ոչ թե հետապնդել, թեկուզ հանուն սեփական հեղինակության: Առավել եւս, որ նա շատ լուրջ ընտրազանգված ունեցող կուսակցություն է ներկայացնում: Այս ամբողջ պատմության անհեթեթությունը հիասթափեցնող է: Ցավում եմ կատարվածի համար եւ իմ համակրանքն ու աջակցությունը հայտնում Վարդան Օսկանյանին»:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել