Վթարի հետևանքով մահացած հղի կինը Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր․ «Սատարենք մեր հերոսներին» ՀԿ

«Սատարենք մեր հերոսներին» ՀԿ-ից հայտնում են, որ ապրիլի 26-ին վթարի ենթարկված հղի կինը Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր, հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

«Խորը ցավով տեղեկացանք մեր կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանի անժամանակ մահվան գույժի մասին:

Սոնան միշտ կմնա մեր սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր և բարձր մարդկային արժանիքներ ունեցող ընկեր:

Ցավակցում ենք Սոնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:

Վերջինս ձերբակալվել է:

Ինչպես արդեն հայտնել ենք, վրաերթի ենթարկված հղի կնոջը «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխել արդեն սրտի կանգով, ինչի մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:

Նրա խոսքով՝ մոտ մեկուկես ժամ բժիշկները փորձել են փրկել կնոջ կյանքը, սակայն չի հաջողվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել