Պրոբացիայի ծառայողներին կտրամադրվի հավելյալ 20 հազար դրամ․ նոր նախագիծ

Արդարադատության նախարարությունը որոշման նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով հիմնական աշխատանքի վայրից դուրս աշխատանքներ կատարելու համար պրոբացիայի ծառայողների կողմից կատարված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար կտրվի ամսական 20 000 դրամ։

Փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պրոբացիայի ծառայության պետի կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ուղղված զեկուցագրի հիման վրա, որին կցվում է այն ծառայողների ցանկը, որոնք կատարելու են իրենց հիմնական աշխատանքից դուրս աշխատանքներ։

Փոխհատուցման տրամադրումը կիրականացվի տվյալ տարում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-ի N 336-Լ հրամանի պահանջների՝ պրոբացիայի ծառայողը Զեկույց կազմելու նպատակով՝

  • առնվազն մեկ անգամ այցելում է համապատասխան քրեակատարողական հիմնարկ դատապարտյալի անձնական գործի ուսումնասիրման և դատապարտյալի հետ զրույց ունենալու նպատակով.
  • հանդիպումներ է ունենում դատապարտյալի ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի հետ.
  • հանդիպումներ է ունենում դատապարտյալի ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, հարևանների, ինչպես նաև տուժող կողմի հետ.
  • մասնակցում է Զեկույցի հետ կապված դատական նիստերին:

Նշվում է, որ վերոնշյալ գործառույթներն իրականացնելու ընթացքում Ծառայության տարածքային մարմնից համապատասխան քրեակատարողական հիմնարկ այցելություններ կատարելու նպատակով պրոբացիայի ծառայողն իր միջոցների հաշվին կատարում է տրանսպորտային ծախսեր:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել