Ալիևը հայտարարել է, թե շարունակելու են ամրապնդվել ՀՀ տարածքում, քանի որ այն համարում են «իրենցը»

Ադրբեջանի նախագահ Իհամ Ալիևը հայտարարել է, թե կշարունակեն ամրապնդել իրենց դիրքերը Հայաստանի հետ սահմանին: Այս մասին նա ասել է AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ։

«Շառլ Միշելը (Եվրոպական խորհրդի նախագահ) Երևան այցի ժամանակ սահմանային տարածքներն անվանել է «վիճելի»: Եթե անկեղծ, ապա ես համաձայն չեմ այդ արտահայտության հետ, քանի որ մենք այդ տարածքները մերն ենք համարում։ Ես համարում եմ, որ դա Զանգեզուրի տարածքն է։ Զանգեզուրը մեր նախնիների հողն է և մենք գտնվում ենք մեր հողում»,-ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ Շառլ Միշելի Ադրբեջան կատարած այցի ժամանակ քննարկվել է այդ հարցը։ «Ես նրան փորձել եմ բացատրել, որ մենք հասել ենք մեր սահմաններին։ Ինչու՞ ենք միայն մայիսին հասել, որովհետև ձյունը հալել է։ Այն բանից հետո, երբ ձյունը հալել է, մենք վերցրել ենք անհրաժեշտ բարձունքները, տեղակայվել դրանց վրա, ամրապնդվել ու կշարունակենք ամրապնդվել»,-ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել