Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ի արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Օրենքի նախագծի ներկայացումը բխում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ:
Ներկայումս Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում:
Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները:
Այսպիսով, «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ են կատարվել, որով սահմանվել են աշխարհազորի հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
Ըստ որի․
1. Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:
2. Աշխարհազորի նպատակներն են`
- Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր եւ համազգային բնույթ հաղորդելը.
- հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի եւ այլ գործողություններից Հայաստանի Հանրապետության տարածքի, բնակչության եւ ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների իրականացմանն աջակցությունը.
- Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու հատուկ եւ կարեւորագույն նշանակության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցությունը:
3. Աշխարհազորի կիրառումը ներառում է`
- մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը.
- մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի եւ այլ գործողությունների դեմ պայքարին.
- մասնակցությունը հատուկ եւ կարեւորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը.
- մասնակցությունը զորքերի եւ բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը եւ պաշտպանությանը.
- մասնակցությունը քաղաքացիական պաշտպանությանը:
4. Աշխարհազորի համակարգը գործում է տարածքային սկզբունքով, եւ ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման` պայմանականորեն բաղկացած է զորամիավորումներից եւ դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից: Աշխարհազորի կառուցվածքը, պատրաստության եւ կիրառման պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով:
5. Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձեւավորված աշխարհազորային շտաբի միջոցով:
6. Աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ եւ պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետի տեղակալը:
7. Աշխարհազորային բրիգադի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ եւ պատերազմի ժամանակ համապատասխան քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ Երեւան քաղաքի վարչական շրջաններում` վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:
8. Աշխարհազորային գումարտակի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ եւ պատերազմի ժամանակ գյուղական բնակավայրեր ներառող չմիավորված համայնքի ղեկավարի տեղակալն է կամ միավորված համայնքի կազմում ներառված բնակավայրի վարչական ղեկավարը:
9. Սույն հոդվածի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով սահմանված աշխարհազորային զորամիավորումների եւ դրանց ենթակա բրիգադների ու գումարտակների ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:
10. Աշխարհազորային պայմանական բրիգադների եւ գումարտակների համալրումն աշխարհազորայիններով (այսուհետ նաեւ` աշխարազորայինի հավաքագրում) տարածքային սկզբունքով իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները` պահեստազորում հաշվառված եւ պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան համայնքում (Երեւան քաղաքում` ըստ վարչական շրջանների) հաշվառված քաղաքացիներից:
11. Աշխարհազորայինի հավաքագրման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է: Պայմանագիր չի կարող կնքվել այն քաղաքացու հետ`
- ով ենթակա է պարտադիր զինվորական ծառայության.
- ով հանդիսանում է զինծառայող կամ ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող,
- որը պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձեւով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
12. Հավաքագրված աշխարհազորայինների անվանացուցակները եւ կնքված պայմանագրերը ներկայացվում են աշխարհազորային շտաբ: Աշխարհազորայինին ամրակցվում է զենք, հատկացվում է զինվորական համազգեստ եւ աշխարհազորայինը նշանակվում է համապատասխան պաշտոնի` աշխարհազորային շտաբի ղեկավարի (պետի) հրամանով: Աշխարհազորայիններին զենքի ամրակցման եւ պահպանման կարգը, կնքվող պայմանագրի օրինակելի ձեւը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:
13. Աշխարհազորայինների պատրաստությունն իրականացվում է պատրաստության պլանների համաձայն անցկացվող պարապմունքների եւ վարժանքների միջոցով` աշխարհազորային շտաբի ղեկավարի (պետի) հրամանով: Աշխատող աշխարհազորայինների պատրաստության եւ կիրառման գործընթացի վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջները: Աշխարհազորայինները պատրաստության եւ կիրառման ընթացքում ապահովվում են անվճար սննդով` զինծառայողների համար սահմանված կարգով:
««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն, քաղաքապետի տեղակալը Երևան քաղաքի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարն (հրամանատարն) է: Քաղաքապետի տեղակալի կողմից Երևան քաղաքի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն։
Պաշտպանության կազմակերպման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունը.
1) ապահովում է Երևան քաղաքի վարչական շրջանների աշխարհազորային պայմանական բրիգադների համալրումն աշխարհազորայիններով՝ Երևան քաղաքում ըստ վարչական շրջանների հաշվառված քաղաքացիներից:
Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը վարչական շրջանի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից վարչական շրջանի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:
««Տարածքային կառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն, մարզպետի տեղակալը մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարն (հրամանատարն) է: Մարզպետի տեղակալի կողմից մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:
Քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է, իսկ գյուղական համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքի աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարը (հրամանատարը): Քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների տեղակալների կողմից համապատասխան համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների ղեկավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն: