Սեպտեմբերի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) տեղի ունեցավ ընտրական իրավունքի և ընտրական գործընթացի հարցերին վերաբերող աշխատանքների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Իրավաբան.net-ը մրցույթի մասին զրուցել է մրցույթի երկրորդ մրցանակակիր, Տոմսկի պետական մանկավարժական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ավագ դասախոս Եվգենիա Կատանաևայի հետ: Նրա խոսքով`ինքը հայ գործընկերներ ունի ու թեկուզև հեռակա կարգով, բայց սիրահարված է Հայաստանին: Ունի մեծ ցանկություն Հայաստան այցելելու: «Ես ինձ համարում եմ Հայաստանի բարեկամ և նույնիսկ հայերեն մի քանի բառ գիտեմ»,- զրույցի ժամանակ նշեց Եվգենիա Կատանաևան:
.
-Եվգենիա Կատանաևա, նախ շնորհավորում ենք Ձեզ այդ մրցանակի կապակցությամբ: Ինչ էիք ներկայացրել դուք մրցույթին:
-Շնորհակալություն: Ես մշակել և մրցութային հանձնաժողովին եմ ներկայացրել «Ընտրություններ. պատմությունը և ներկան» վերտառությամբ մեթոդական ձեռնարկ, որը պարունակում է սցենարներ դպրոցների աշակերտների շրջանում ընտրական իրավունքի վերաբերյալ օլիմպիադա կազմակերպելու համար: Նման օլիմպիադա կազմակերպելու նպատակն է դպրոցականների իրավական մշակույթի բարձրացումը, նրանց մոտ ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և քաղաքացիական պատասխանատվության ձևավորումը: Ձեռնարկում տեղ գտած հանձնարարությունները նախատեսված են 7-9-րդ դասարանների աշակերտների համար: Նրանք իրենց մեջ պարունակում են անհատական և խմբային մրցույթներ, հանձնարարություններ, օլիմպիադայի թեմային վերաբերող իրավունքի աղբյուրի վերլուծություն (աշխատանք նորմատիվ-իրավական ակտի տեքստի հետ), իրավական բնույթի իրադարձությունների պատճառահետևանքային կապերի բացահայտում, տերմինաբանության ճիշտ կիրառում և այլն: Ձեռնարկն իր մեջ պարունակում է նաև համապատասխան խաչբառ:
.
– Կխնդրեի` ինքներդ պատմեիք մրցույթի մասին առավել մանրամասն:
-Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեր պետության ԲՈւՀ-երի ուսանողների, ասպիրանտների և դասախոսների համար ընրական իրավունքի և ընտրական գործընթացին ընտրողների (հանրաքվեի մասնակիցների), ընտրությունների կազմակերպիչների, 2011-2012 ուսումնական տարում ընտրարշավների մասնակիցների իրավական և քաղաքական մշակույթի բարձրացման հարցերով լավագույն աշխատանքի մրցույթ էր հայտարարել:
Մրցույթը ԿԸՀ կողմից ՌԴ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ և ՌԴ սուբյեկտների ընտրական հանձնաժողովների և ԲՈւՀ-երի աջակցությամբ անցակցվել է 2011թ. դեկտեմբերի 21-ից մինչև 2012թ. հուլիսի 20-ը:
Մրցույթը հայտարարվել էր երեք անվանակարգերով.
1. Գիտա-հետազոտական աշխատանք:
2. Կրթա-մեթոդական ձեռնարկ:
3. Էլեկտրոնային կրթական ռեսուրս:
.
– Իսկ ո˚րն է նման մրցույթ անցկացնելու նպատակը:
-Մրցույթը նպատակ ուներ խթանել ուսանողներին, ասպիրանտներին և դասախոսներին գիտական հետազոտություններ կատարել ընտրական իրավունքի, ընտրական գործընթացի ոլորտում, ընդգրկել ԲՈւՀ-երի գիտական ներուժը ընտրական իրավունքին, ընտրական գործընթացին, ժամանակակից ընտրական տեխնոլոգիաներին նվիրված գիտա-մեթոդական նյութերի մշակմանը նաև ընտրությունների կազմակերպման և անցկացման արտասահմանյան փորձը հաշվի առնելով: Մրցույթի նպատակն էր նաև բարձրացնել ընտրողների իրավական մշակույթի մակարդակը, ձևավորել ընտրական հանձնաժողովների կադրային ռեզերվը:
.
– Իսկ որքանո˚վ է մեծ հետաքրքրությունը մրցույթի նկատմամբ:
-Հետաքրքրությունը մեծ է եղել: Դա է վկայում այն փաստը, որ մրցույթին ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության 116 ԲՈւՀ-երի ուսանողների, ասպիրանտների և դասախոսների ընդհանուր առմամբ 173 աշխատանք: Բոլոր աշխատանքները մանրակրկիտ դիտարկվել են գրագողության տեսակետից և յուրաքանչյուր աշխատանքը դիտարկվել է առնվազն երկու որակյալ գրախոսների կողմից, իսկ որոշ աշխատանքներ նույնիսկ ստուգվել են կոլեգիալ կարգով:
Հաղթողների պարգևատրման արարողությունը կայացավ 2012թ. սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի ԿԸՀ-ում: Արարողությանը մասնակցում էին ԿԸՀ, կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ:
.
-Ինչպե˚ս պարգևատրվեցին մրցույթի հաղթողները:
-Մրցույթի յուրաքանչյուր հաղթող ստացավ դիպլոմ և դրամական պարգև, ինչպես նաև հաղթողների մրցութային աշխատանքների ժողովածուներ:
«Գիտա-հետազոտական աշխատանք» և «Կրթա-մեթոդական ձեռնարկ» անվանակարգերում շնորհվեցին առաջին, երկրորդ և երրորդ մրցանակները, իսկ «Էլեկտրոնային կրթական ռեսուրս» անվանակարգում շնորհվեց միայն երրորդ մրցանակը: Ընդհանուր առմամբ պարգևատրվեց 18 մասնակից, քանի որ որոշ աշխատանքներ կատարվել էին հեղինակների խմբի կողմից: Ես երկրորդ մրցանակի արժանացա «Կրթա-մեթոդական ձեռնարկ» անվանակարգում:
.
Հանրային թղթակից` Մարատ Ատովմյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net