«Եռօրյա արկածախնդիր կապը չի կարող համարվել ամուսնություն». Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծում պալատի կողմից  առաջարկվող փոփոխությունների փաթեթը:

Պալատը առաջարկում է նախագծում նշված երեխայի շահերի առաջնահերթության սկզբունքը փոխարինել երեխայի շահի սկզբունքով: Պալատի նախագահը առաջարկը հիմնավորում է այսպես. «Չմոռանանք, որ մեր երկիրը ունի շատ վատ հարևաններ և պատկերացրեք, եթե սահմանամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքի երեխային հենց այդ առաջնահերթ շահերով ընտանիքից վերցնեն, եթե օրինակ՝ այդ բնակավայրը ենթարկվի գնդակոծության ադրբեջանական բանակի կողմից»:

Առաջարկվում է նաև նախագծով սահմանել «ամուսիններ» հասկացությունը, այն է, որ ամուսիններ կարող են համարվել օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած տղամարդն ու կինը, ովքեր ոչ պակաս, քան 1 տարի բնակվում են համատեղ կամ ունեն ընդհանուր երեխա կամ բնակվում են համատեղ, և կինը հղի է:

«Հակառակ դեպքում, երեքօրյա արկածախնդիր կապը կարող է համարվել ամուսնություն: Նման պայմաններում իրավակիրառողը հնարավորություն չի ունենալու ճշգրիտ որակել միջանձնային հարաբերությունները և ստիպված է լինելու առաջնորդվել իր սուբյեկտիվ պատկերացումներով, ինչն անթույլատրելի է իրավական պետությունում»,-ասաց Արա Զոհրաբյանը:

Պալատի նախագահը նաև առաջարկեց կոնկրետացնել նախագծում «իշխել» բառի գործածությունը: Նա նշեց, որ  ծնողի և երեխայի միջև հարաբերությունները ունեն սուբորդինացիոն բնույթ, այսինքն, մայրը իշխում է երեխայի վրա և որպեսզի այդ հանգամանքը այլ կերպ չմեկնաբանվի, նախագահն առաջարկում է նախագծում «իշխել» բառը փոխարինել «գոյության համար ստրկացուցիչ պայմաններ ստեղծել» նախադասությամբ:

«Մանավանդ երեխայի դեռահասության տարիքում դա անխուսափելի է: Եթե, օրինակ երեխան կռվի մեջ է մտել, նրան ծեծում են կամ նա կռվում է, ապա ծնողը չի կարող առանց կոպիտ ուժ կիրառելու նրան հանել այդ կռվի միջից: Դա կարող է դիտվել, որպես բռնության կիրառություն: Սա անընդունելի է»-նշում է նա:

Փաթեթով նաև առաջարկվում է բռնություն գործադրած անձին վտարելու հնարավորությունը սահմանփակել, եթե ենթադրյալ բռնություն գործադրողը բնակարանի սեփականատերն է և այս դեպքում բռնության ենթարկվածն է տեղափոխվում նշված բնակության վայրից:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել