Արթուր Վարդանյանից առգրավվել է 13․000 դոլար, 3․500 եվրո, 750․000 դրամ

Նորք Մարաշի զինված խմբի գործով հերթական դատական նիստը տեղի ունեցավ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում:

Գործը քննվում է դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

Նիստի սկզբում ամբաստանյալ Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի վերադարձվի իր պաշտպանյալից առգրավված գումարը` 13.000 դոլար, 3.500 եվրո, 750.000 դրամ:

Մեղադրող կողմը առարկեց միջնորդության դեմ` նշելով, որ այդ գումարը Անտոն Թոթոնջյանի կողմից զինված խմբին տրված գումարի մի մասն է, որով էլ վերջիններս բնակարան են վարձել, հոգացել են առօրյա և նյութական ծախսերը, զենք են ձեռք բերել, ուստի նշված գումարի վրա պետք է արգելք դնել:

Պաշտպան Լևոն Բաղդասարյանն առարկեց մեղադրող կողմի միջնորդությունը` նշելով, որ դա անձնական գումար է  և պետք է ետ վերադարձվի, ինչպես, օրինակ, ետ են վերադարձվել այլ առգրավված իրեր:

Դատարանը նշեց, որ այդ գումարներն իրենց մոտ չեն, այդ հարցով կարող են նախաքննական մարմնին դիմել, ապա հավելեց, որ դատական նիստի ավարտին կանդրադառնան տվյալ միջնորդությանը:

Մեղադրող կողմը ներկայացրեց լազերային սկավառակների վրա եղած հեռախոսային գաղտնալսումների ձայնագրությունները: Մասնավորապես,  ներկայացվեց ամբաստանյալներ Խաչիկ Ավետիսյանի և Արթուր Վարդանյանի միջև եղած հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որի ընթացքում Խաչիկ Ավետիսյանը մեկ այլ հեռախոսահամար էր հայտնում  Արթուր Վարդանյանին:

Պաշտպանական կողմը մեղադրող կողմից պահանջեց  պարզաբանել, թե ձայնագրությունն ինչ կապ ունի մեղադրանքի հետ:

Սրան ի պատասխան` մեղադրողը նշեց, որ ներկայացված ձայնագրությունը առնչություն ունի մեղադրանքի հետ և դա կներկայացվի մեղադրական ճառում:

Արթուր Վարդանյանը նշեց, որ ներկայացված ձայնագրությունները չկան իրենց մոտ, ուստի հնարավոր է, որ դրանցում կան նաև այնպիսիք, որոնց շնորհիվ ամբաստանյալներից ոմանց կարելի է ազատ արձակել, բայց դրանք մեղադրող կողմը չի ներկայացնում դատարանում:  

Նա հավելեց նաև, որ եթե մեղադրող կողմի ներկայացրած մեղադրանքների հիմքում այդ ձայնագրություններն են, ապա իրենց ազատազրկված պահելը դժվար թե հաջողվի: 

Նրա խոսքերին միացավ նաև ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանը` նշելով, թե այդ ձայնագրություններում չկա որևէ խոսք իշխանափոխության մասին ու «ինչքան է շարունակվելու այս  կեղծ գործի քննությունը»:

Սրան ի պատասխան՝ մեղադրողը նշեց, որ ամբաստանյալը չունի բավարար իրավաբանական գիտելիքներ, ինչը նորմալ է, հետևաբար չգիտի, որ ամենևին էլ պարտադիր չէ, որ ձայնագրությունները առկա լինեն բոլորի մոտ,  եթե պաշտպանական կողմի ունակությունները հերիքում են, ապա կարող են տեսնել նշված ձայնագրությունների տպված օրինակների տեղեկագրերը, իսկ եթե չեն կարողանում, դա արդեն մեղադրող կողմի խնդիրը չէ:

Պաշտպանական կողմի ներկայացուցիչը ասաց, որ սա արդեն վիրավորանք է իրենց հանդեպ, ապա միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի նշված լազերային սկավառակները նաև իրենց տրամադրվեն: վիդեո

Դատարանը բավարարեց միջնորդությունը` նշանակելով հաջորդ դատական նիստը: Այն տեղի կունենա մարտի 23-ին, ժամը 11-ին:

Հիշեցնենք, որ գործով անցնող 20 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կեչպով մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության, զինված խմբի անդամները նպատակ են ունեցել իշխանությունը յուրացնել, այսինքն՝ զավթել՝ բռնություն գործադրել ու կամ բռնություն գործադրելու սպռանալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցայն մեջ ներգրավված անձիք բացահյտվել ու 2015թ-ի նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սոնա Վարդանյան

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել