Մեղադրողը պահանջեց դպրոցի նախկին տնօրենին դատապարտել 6,5 տարվա ազատազրկման

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվեց Երևանի համար 64 հիմնական դպրոց ոչ առևտրային կազմակերպության նախկին տնօրեն՝ ամբաստանյալ Անաիդա Շահնազարյանի գործով դատական քննությունը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Անաիդա Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մինչ 02.03.2015 թվականը զբաղեցրել է Երևանի թիվ 64 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնը և պաշտոնական դիրքն օգտագործելով, նույն դպրոցի տարբեր ազատ հաստիքներում 2009-2015 թվականների ընթացքում գրանցել է 12 քաղաքացի, և վերջինների կողմից աշխատանքի վայր փաստացի չհաճախելու պայմաններում, նրանց անվամբ բյուջեից ելքագրել, ստացել և յուրացրել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 12.003.240 ՀՀ դրամ աշխատավարձների և այլ պարտադիր վճարների գումարներ:

Այս գործով  մեղադրանք է առաջադրվել նաև նույն դպրոցի նախկին պահակ Քնարիկ Մալխասյանին, որը մեղադրվում է այն բանի համար, որ դիմել է տնօրենին ու խնդրել դպրոցում որպես աշխատող գրանցել իր որդուն, եղբորը և եղբորորդուն՝ նրանց անվամբ աշխատավարձերի և պարտադիր այլ վճարների գումարները ելքագրելու և դրանք անձամբ տնօրինելու ակնկալիքով:

Այսօրվա դատական նիստին մեղադրող Հակոբ Ենոքյանը դատարանին ներկայացրեց քաղաքացիական հայցի պահանջ: Նա իր խոսքում նշեց, որ Անաիդա Շահնազարյանը պետությանը հասցրել է խոշոր չափի վնաս և նրա հետ հանցակից գործողությունների մեջ է եղել Քնարիկ Մալխասյանը: Նաև դատարանին միջնորդեց Անաիդա Շահնազարյանից բռնագանձել  12.003.240 ՀՀ դրամ, իսկ Քնարիկ Մալխասյանից՝  4.307.738 ՀՀ դրամ:

Պաշտպան Անժելա Հոբոսյանը հայտարարություն արեց, որ նա հարցում է կատարել Երևանի քաղաքապետարան, որ պատասխանեն արդյո՞ք տրամադրել են Երևանի համար 64 հիմնական դպրոցի ամենամյա նախատեսված գրենական պիտույքների գումարները: Պաշտպանը նշեց, որ հարցման վերաբերյալ պատասխան առայժմ չի ստացվել, չնայած որ այն կատարել է 2017 թվականի նոյեմբերին: Պաշտպանը դատարանին խնդրեց, որ այդ հարցումը կատարի դատարանը, սակայն դատարանն ասաց, որ  միջամտության խնդիր այդ հարցում չի տեսնում:

Այսպիսով, դատարանը վիճաբանությունների փուլը հայտարարեց բացված: Մեղադրող Հակոբ Ենոքյանը ներկայացրեց մեղադրական ճառը: Նա իր խոսքում նշեց, որ ակնհայտ է դարձել, որ գրեթե բոլոր անձինք, ովքեր վկայություն են տվել, նշել են, որ չեն աշխատել դպրոցում: Եղել են նաև վկաներ, ովքեր նշել էին, որ աշխատել են դպրոցում, սակայն կարճ ժամանակով և չկային այնպիսիք, ովքեր ստացիոներ աշխատող լինեին. « Պետք է նշել, որ միայն Դավիթ Մալխասյանի մասով է նշվում որպես ապացույց, որ նա աշխատել է այդ դպրոցում: Սակայն դատավարութամբ ապացուցված փաստերով ստացանք այն, որ Դավիթ Մալխասյանն իր մոր՝  Քնարիկ Մալխասյանի հետ բնակվել է այդ դպրոցում»:

Պատժաչափը մեղմացնող հանգամանքի վերաբերյալ մեղադրող Հակոբ Ենոքյանն իր խոսքում նշեց. «Պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ Անաիդա Շահնազարյանը կին է և ունի առողջական խնդիրներ. վիրահատության է ենթարկվել՝ սրտի հետ կապված»: Անձը բնութագրող հանգամանքի վերաբերյալ դատախազն իր խոսքում նշեց, որ Անաիդա Շահնազարյանի վերաբերյալ պաշտպանական կողմը ներկայացրել էր նաև շնորհակալագրեր, որոնք խոսում են նրա անձի դրական լինելու մասին:

Քնարիկ Մալխասյանի անձը բնութագրող հանգամանքի վերաբերյալ դատախազն ասաց, որ նրա անձը բնութագրող հանգամանքերը նույն են, բացառությամբ՝ շնորհակալագրերի ու պատվոգրերի:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրացված գումարները չեն փոխհատուցվել մեղադրյալների կողմից, դատախազը միջնորդեց Անաիդա Շահնազարյանին մեղավոր ճանաչել և նշանակել 6 տարի և 6 ամիս ազատազրկման ժամկետով պատիժ: Քնարիկ Մալխասյանին նույնպես մեղավոր ճանաչել և որպես պատիժ նշանակել 5 տարի և 6 ամիս ազատազրկման պատժաժամկետով:

Դատախազը նշեց, որ խափանման միջոց ստորագրությունը՝ Անաիդա Շահնազարյանի և Քնարիկ Մալխասյանի չհեռանալու մասին, թողնել  անփոփոխ մինչև դատավաճռի հրապարակումը:

Այսպիսով, դատական նիստը հետաձգվեց, որպեսզի պաշտպանական կողմը պատրաստվի պաշտպանական ճառին, որը կկայանա փետրվար ամսին:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Անաիդա Շահնազարյանն ասաց, որ մեղադրողի պատժապահանջի չափի վրա զարմացած է.  «Ուզում եմ ասել, որ այսպիսի գումարներից ես զարմանում եմ: Այս գումարներն ուղեղիս մեջ ուղղակի չեն տեղավորվում: Ի՞նչ է նշանակում, որ քո հայրենիքում քեզ դատում են ու ինչի՞ համար: Ես ամբողջ ժամանակ ջանք ու եռանդ եմ ներդրել իմ աշխատանքի մեջ: Ինչքան հանցագործ կա, նշանակում են լավ աշխատանքի, իսկ ինձ իմ հայրենիքում, իմ կատարած լավ աշխատանքի համար այսպիսի պատժի են ենթարկում ու մեղադրում»:

Անաիդա Շահնազարյանը դեռ վատառողջ էր: Մեզ հետ զրուցում էր ընդհատումներով. պարբերաբար հուզվում էր: Նա  համոզված է, որ իրեն պարզապես աշխատանքից ազատելու պատճառ են բերել, որ մեկ այլ անձնի նշանակեն տնօրենի պաշտոնին:

Ինչ վերաբերում է դատարան եկած վկաններին, Անաիդա Շահնազարյանն ասաց, որ իրենք բոլորը սուտ վկայություններ են տվել: Մեր այն դիտարկմանը, թե ինչու՞ են սուտ վկայություններ տվել, նախկին տնօրենն ասաց. «Որովհետև իրենց ասել են, որ կարող են հանգիստ ստեն, քանի որ ես այլևս այդ դպրոցում չեմ աշխատելու: Քնարիկ Մալխասյանին էլ էին ստիպում, որ ստեր, բայց այդ կինն այնքան խղճով էր, որ այդ քայլին պարզապես չգնաց ու կանգնեց իմ կողքին»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

 

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել