12 միլիոն դրամի յուրացման համար մեղադրվող ամբաստանյալը ինֆարկտ է ստացել

Երևանի համար 64 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Անաիդա Շահնազարյանի կողմից շուրջ 12 միլիոն դրամի յուրացման գործով դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալի բացակայության պատաճռով։ Գործը քննվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ։

Դատարանը գրություն էր ստացել ամբաստանյալ Շահնազարյանի որդուց, որում նշվում էր․ «Ես հանդիսանում եմ Ձեր վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալ Անաիդա Շահնազարյանի որդին և հայտնում եմ, որ մայրս 2017 թվականի հոկտեմբերի 27-ին տարել է սուր ինֆարկտ, որի կապակցությամբ 29.10.2017 թվականին կատարվել է սրտի ստենտավորում և ներկայումս գտնվում է անաշխատունակ վիճակում՝ մինչև 17.11.2017 թվականը: Այդ մասին հայտնում եմ Ձեզ և խնդրում դատական նիստը հետաձգել, բացակայությունը համարել հարգելի»:

Արտյոմ Շահնազարյանը դատարան էր ներկայացրել նաև ամբաստանյալի անաշխատունակության թերթիկը, որը տրամադրել է «Էրեբունի» բժշկական կենտրոնը:
Անաշխատունակության վերաբերյալ տեղեկանքում նշվում է, որ կինը ունեցել է  ձախ փորոքի սրտամկանի առաջնային տարածքում սուր ինֆարկտ, արյան շրջանառության անբավարարություն և շաքարային դիաբետ:

Կողմերը առարկություն չհայտնեցին նիստը հետաձգելու վերաբերյալ։ 

Իրավաբան.net-ի հետ զրույցում ամբաստանյալի որդին՝ Արտյոմը, հայտնեց, որ մայրը վատ է զգացել դպրոցում և չեն հասկացել, որ դա ինֆարկտի նախանշան է եղել, որից հետո տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ շտապ վիրահատություն են արել: Նրա խոսքով, մայրը շատ է հուզվում իրեն առաջադրված մեղադրանքի համար, ինչի հետևանքով էլ սրտի վիրահատություն է տարել։ Ներկայումս ապաքինվում է։

Իրավաբան.net-ը զրուցեց նաև Անաիդա Շահնազարյանի պաշտպան Անժելա Հոբոսյանի հետ։ Նա ասաց, որ իր պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում. «Անցած դատական նիստին մենք ներկայացրել էինք Անաիդային տրված բոլոր շնորհակալագրերը Երևանի քաղաքապետարանի կողմից՝ որպես լավ տնօրենի: Նա ինքն է ջանք ու եռանդ դրել այդ դպրոցի կառուցման գործում: Այդ դպրոցն անմխիթար վիճակում էր: Պետությունը գումար չէր փոխանցում, և մի շարք խնդիրներ Անաիդան կարգավորել է սեփական ջանքերով ու ներդրումներով»,- ասաց պաշտպանը։

Պաշտպանը տեղեկացրեց նաև, որ դիմել է Երևանի քաղաքապետարան հարցով, որ իրեն տրամադրեն տեղեկություներ այն մասին, թե փոխանցե՞լ են, արդյոք, 2012-2016 թվականների ընթացքում գրենական պիտույքների համար նախատեսված պետական գումարները և, եթե փոխանցել են, ապա որքա՞ն: Նա նշեց, որ  պատասխան գրություն դեռ չի ստացել:

Անժելա Հոբոսյանը պաշտպանում է նաև այս գործով մյուս ամբաստանյալ, դպրոցի նախկին պահակ Քնարիկ Մալխասյանի շահերը։ Քնարիկը նույնպես  իրեն մեղավոր չի ճանաչել. «Խնդիրն այն է, որ Քնարիկի տղան գրանցված է եղել դպրոցում և եղել են ժամանակներ, որ տղան չի կարողացել գնալ աշխատանքի, մայրն է նրա փոխարեն աշխատել: Հիմա մեղադրում են, որ Քնարիկն իր որդու անունով գումարներ է յուրացրել»,-ասաց պաշտպանը:

Իսկ Քնարիկ Մալխասյանն ասաց․ «Ես աշխատող, սեփական քրտինքով ապրող մարդ եմ: Ոչ մեկի փողն էլ չեմ դրել գրպանս: Վարձատրվել եմ իմ կատարած աշխատանքների դիմաց, և ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»:

Հիշեցնենք, որ Անաիդա Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով դպրոցի տնօրեն և պաշտոնական դիրքն օգտագործելով, 2009-2015 թվականների ընթացքում որպես աշխատող դպրոցում գրանցել է 12 քաղաքացի, ովքեր փաստացի աշխատանքի չեն այցելել, իսկ նա այդ մարդկանց անվամբ բյուջեից ելքագրել, ստացել և յուրացրել է առանձնապես խոշոր չափերով` շուրջ 12 միլիոն դրամ աշխատավարձների եւ այլ պարտադիր վճարներ:
Գործով երկրորդ ամբաստանյալ Քնարիկ Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ դիմել է տնօրենին ու խնդրել դպրոցում որպես աշխատող գրանցել իր որդուն, եղբորը և եղբորորդուն՝ նրանց անվամբ աշխատավարձերի և պարտադիր այլ վճարների գումարները ելքագրելու և դրանք անձամբ տնօրինելու ակնկալիքով:

Ծանուցում. ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր լուսանկարում Անժելա Հոբոսյանն է

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել