Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. Բաբայանն առողջական խնդիրներ ունի

Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց: Այս մասին դատարանաից հայտնում է Իրավաբան.net-ի լրագրողը:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հայտարարեց, որ քրեակատարողական հիմնարկից գրություն էր եկել այն մասին, որ Սամվել Բաբայանը առողջական խնդիրներ ունի, ձայնը խզված է: Նա պարբերաբար է նման խնդիրներ ունենում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության ՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:

Կարեն եւ Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը եւ իրական բնույթը խեղաթյուրելու եւ օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Այսպիսով, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, որոնցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել