«Գործող Սահմանադրությունը չի մեղավոր, որ ՀՀ-ում կա կոռուպցիա». Ժորա Ջհանգիրյան

ՀՀ Սահմանադրության նոր նախագիծն պարունակում է մի շարք բացասական նորմեր: Վստահ է «Գլաձոր» համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանը: Նա գտնում է, որ նոր Սահմանադրության ընդունմամբ տեղի կունենա կուսակցության և պետական իշխանության միաձուլում:

Ի՞նչ խնդիրներ է պարունակում նախագիծն ու ի՞նչ վտանգներով այն հղի: Մանրամասները՝ հարցազրույցում:

– Հարցազրույցը սկսենք՝ խոսելով այս բարեփոխումների նպատակահարմարության մասին: Այդոք գտնումք եք, որ մեզ պետք է փոխել Սահմանադրությունը:

– Դեռ 2004թ., երբ ես Մոսկվայում պաշտպանեցի իմ դոկտորական դիսերտացիան և վերադարձա Հայաստան: Դեռ այդ ընթացքում նշել էի, որ ժամանակը չի նորից քանդելու, այլ ժամանակն է կառուցելու, արարելու և ստեղծելու: Սահմանադրության փոփոխությունով ոչ մի դրական արդյունքի չենք կարող հասնել: Միշտ չէ, որ Սահմանադրությունն է մեղավոր, որ հասարական կյանքում առկա են այս կամ այն խնդիրները: Կարծում եմ՝ գործող սահմանադրությունն էլ մեղք չունի այն բանի առկայության համար, ինչ կա ՀՀ-ում: Գործող սահմանադրությունը չի մեղավոր, որ ՀՀ-ում կա կոռուպցիա, շուրջ 34 տոկոս աղքատություն և արտագաղթ: Ուստի ես այն կարծիքին եմ, որ սահմանադրական բարեփոխման իրականացման անհրաժեշտությունն այսօր չկա: Ինձ չի թվում, որ գործող սահմանադրությունը խանգարում է, որ օրենքը լինի օրենք: Շուրջ 25 տարի է մենք անկախացել ենք, բայց մենք 2 սահմանադրություն ենք ընդունել ու դեռ չենք հասցրել մեր ամբողջ իրավական համակարգը համապատասխանեցնել գործող Սահմանադրության պահանջներին: Այս վերջինը՝ սովորական բարեփոխում չէ, սա քաղաքական համակարգի փոփոխություն է:

– Առ այսօր չեն դադարում վեճերը կառավարման ձևի ընտրության հարցում:

– Ինձ համար Սահմանադրությունը բոլորովին այլ գաղափար է: Բոլոր պատասխանները պետք է գտնել ընդամենը հետևյալ հարցերի մեջ՝ ինչպե՞ս է ձևավորվում երկրի պառլամենտը, նախագահի ինստիտուտը և կառավարությունը, այլ կերպ ասած՝ ինչպե՞ս է ձևավորվում իշխանությունը պետության ներսում: Այս սուբյեկտների ընտրությամբ պայմանավորված է ամբողջ պետական մարմինների ձևավորման համակարգը: Նոր նախագծով առաջարկվում է ընտրել Ազգային ժողով համամասնական ընտրակարգով, բացի այդ առաջարկվում է, որ այդ պառլամենտում ձևավորվեն կայուն խորհրդարանական մեծամասնություն: Ինձ համար ընդհանրապես անհասկանալի է, թե որն է «կայուն մեծամասնությունը»: Սահմանադրական նորմերը՝ նորմ-սկզբունքներ են, որոնք պետք է լինեն հստակ: Բայց եկեք հարցին այլ տեսանկյունից մոտենանք՝ Ազգային ժողովը պետք է արտահայտի ժողովրդի կամքը: Մենք չպետք է մտածենք միայն գաղափարի մասին, պետք է մտածենք այդ գաղափարը կյանքի կոչելու մասին՝ ինչքանով է իրական, իրատես, ինչքանով կարող է նպաստել հայ ժողովրդի շահերին ԱԺ-ի նման մոդելը:

– Նոր նախագծում փոխվում է նաև նախագահի ընտրության կարգը:

– Ընդունենք՝ մենք ձևավորել ենք այդ կայուն մեծամասնությունը, ընտրում ենք նախագահ: Նախագիծն առաջարկում է նախագահ ընտրել ընտրիչների ժողովի կողմից, որը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից: Դառնում են 202 մարդ, ովքեր էլ ընտրում են երկրի նախագահին: Հիմա ովքե՞ր են ՏԻՄ անդամները, այսօր ՀՀ-ում՝ ՏԻՄ անդամները ՀՀԿ-ի ներկայացուցիչներն են, գալու են մոտավորապես 90 մարդ այդ կուսակցությունից, 10-15՝ այլ կուսակցության ներկայացուցիչներ: Բնականաբար նրանք ընտրելու են ՀՀԿ-ի ներկայացուցչին: Ամեն դեպքում՝ ինձ թվում է, որ այս նախագծով փորձ է արվում վավերացնել այն՝ ինչ կա մեր երկրում, իսկ այսօր մեր երկրում տեղի է ունենում կուսակցության և պետական իշխանության միաձուլում: Իսկ նախագծով ԱԺ-ում ձևավորվելու է կայուն մածամասնություն, այսինքն՝ նորից փորձ է արվում սահմանադրորեն ամրագրել կուսակցական և պետական իշխանության միաձուլումը, որն էլ շատ վտանգավոր է: Սա սահմանադրական գիտություն է, ես զուտ գիտության տեսանկյունց եմ խոսում, ես չեմ ցանկանում որևէ անձի վերագրել գործընթացը: Այդ կայուն մեծամասնությունը առաջարկելու է ԱԺ նախագահի, վարչապետի, երկրի նախագահի թեկնածուներին, այսինքն՝ բոլորը դառնում են նույն կուսակցության ներկայացուցիչներ:

– Կարծիք կա, որ նաև դատական իշխանությունն է կորցնում իր անկախությունը:

– Այո, օրինակի վրա դիտարկենք հարցը՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ, ընդ որում, դատավորներից երեքին՝ Հանրապետության նախագահի առաջարկությամբ, երեքին` կառավարության առաջարկությամբ, և երեքին` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Երեքն էլ նույն կուսակցության ներկայացուցիչներն են: Ինչևէ, ինձ թվում է, որ այս բոլոր բարեփոխումների հիմքում կա մի խնդիր, առանց այդ հարցը լուծելու ոչինչ հնարավոր չէ անել, դա պետության ներսում լեգիտիմ իշխանության ձևավորումն է:

– Միգուցե նոր Սահմանադրության նախագծում դրվի նաև պատասխանատվության ինստիտուտը:

– Այս նախագծի մեջ ինձ համար կարևորագույն հարցերից մեկը նաև դա է, թե կա՞ սահմանադրական պատասխանատվություն, թե՝ ոչ: Այնտեղ, որտեղ միայն իրավունք կա ու չկա սահմանադրական պատասխանատվության, ապա խնդիրն ինքնին բարդանում է: Այս նոր նախագծով սահմանված է՝ հանրապետության նախագահը երբևէ չի կարող քրեական հետապնդման կամ վարչական պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Կարգավիճակն՝ իրավունքների ու պարտականությունների ամբողջություն է: Ի՞նչ է նշանակում կարգավիճակից բխող գործողություններ, դրանք այն գործողություններն են, որը ցանկացած պաշտոնատար անձ պարտավոր է իրականացնել միայն իր լիազորությունների շրջանակներում: Տվյալ պարագայում ցանկացած գործողություն կարելի է ենթադրել որպես պաշտոնական կարգավիճակից բխող: Այս նախագծով մենք նախագահի համար սահմանում ենք անսահմանափակ անձեռնամխելիություն: Ինչևէ, կարող եմ հստակ ասել՝ ցանկացած կառավարման ձևով հնարավոր է ապահովել հասարակության բնականոն զարգացումը, կարևորը ցանկությունն է, կառավարող համակարգի պատասխանատվությունը՝ հասարակության և պետության հանդեպ:

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարը` Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել