Նորություններ

Գյուղական համայնքին վերադարձվեց անասնապահական համալիրի նկատմամբ սեփականության իրավունքը

Դեռևս 2011թ. նոյեմբեր ամսին Տավուշի ՇՊԱԿ էր դիմել Լուսաձոր համայնքի ղեկավար Ս.Ք.-ն: Նա հայտնել էր, որ նույն համայնքի բնակիչ Ռ.Ա.-ն դիմել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գտնվող անասնապահական համալիրի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով: ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 08.11.2011թ.-ին կայացված վճռով վճռել է հայցը բավարարել` ճանաչել Ռ.Ա.-ի սեփականության իրավունքը ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գտնվող անասնապահական համալիրի նկատմամբ:

Սույն գործով Ռ.Ա.-ն, որպես պահանջը հիմնավորող ապացույց վկայակոչել, իսկ առաջին ատյանի դատարանն էլ վճռի հիմքում դրել է 1992թ.-ի Լուսաձոր համայնքի հողի սեփականաշնորհման և բարեփոխումների հանձնաժողովի արձանագրությունը, որի համաձայն վիճելի գույքը սեփականաշնորհվել է Ռ.Ա.-ին, այն պարագայում, երբ «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` Լուսաձորի տնտեսությանը պատկանած հիմնական ֆոնդ հանդիսացող անասնապահական համալիրը Ռ.Ա.-ին սեփականաշնորհվելու փաստը կարող էր հաստատվել միայն համապատասխան լուծարքային հանձնաժողովի որոշմամբ, այլ ոչ թե Լուսաձոր համայնքի հողի սեփականաշնորհման և բարեփոխումների հանձնաժողովի որոշմամբ, որին օրենքով հիմնական ֆոնդերը սեփականաշնորհելու լիազորություն տրված չի եղել:

Իսկ հողի սեփականաշնորհման և բարեփոխումների հանձնաժողովի` հիմնական ֆոնդերը սեփականաշնորհելու որոշումը, սույն գործով վերաբերելի ապացույց չէ:

ՇՊԱԿ-ի կողմից գործում ներգրավված փաստաբանը վերը նշված վճռի դեմ 05.11.2011թ.-ին վերաքննիչ բողոք բերեց, որը ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ընդունվեց վարույթ և քննության առնվեց:

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 09.02.2012թ.-ի որոշմամբ որոշեց բավարարել վերաքննիչ բողոքը, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.11.2011թ.-ի վճիռը` բեկանել և փոփոխել. «Ռ.Ա.-ի հայցն ընդդեմ ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի ղեկավար Ս.Ք.-ի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին` մերժել»:

Հաջողված պատմությունը վերցված է www.aac.am վեբ կայքից:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել