Հաղորդումներ, որոնք ոտնահարում են երեխայի պատիվն ու արժանապատվությունը

Ընտանեկան նեղ անձնական խնդիրներ, սոցիալապես անապահով ընտանիքների պատմություններ, անգամ ինտիմ հարաբերությունների նկարագրություն. հաճախ նման թեմաներով հաղորդումների ժամանակ տաղավարում ներկա են լինում անչափահասներ կամ տեսախցիկի մոտ երեխաներն իրենք են պատմում ընտանեկան անհաշտությունների ու սոցիալական խնդիրների մասին: Մասնագետները պնդում են, որ նման դեպքերում խախտվում են երեխայի իրավունքները:

«Անչափահասին տաղավար կանչելն ու նրան բաց դեմքով ցույց տալը երեխայի պատվի և արժանապատվության իրավունքի խախտում է: Երբ հաղորդման ընթացքում երեխայի ներկայությամբ խոսվում է ընտանեկան վեճերի ու անհաշտությունների մասին, վնասվում է երեխայի արժանապատվությունը»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության Հարավային Կովկասի երեխաների պաշտպանության գծով խորհրդատու Աննա Ալեքսանյանը:

Նրա խոսքով, եթե  Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, ունի նաև երեխաների իրավունքների պաշտպանության ներպետական օրենսդրություն, ապա պարտավորվում  է նաև միջոցներ ձեռք առնել այդ իրավունքները պաշտպանելու համար:

Բարձր դիտողականություն. թե ինչու են երեխաները հայտնվում մեդիայի ուշադրության կենտրոնում

Հարցին, թե ի՞նչ նպատակ ունի երեխային նման հաղորդումներին մասնակցի դարձնելը, մեր զրուցակիցների պատասխանը մեկն է՝ հաղորդումն ավելի հուզական դարձնելն ու բարձր դիտողականություն ապահովելն է: Աննա Ալեքսանյանի խոսքով՝  դա  լավ գովազդ է տվյալ հաղորդման համար. եթե պատմության մեջ կա երեխա, մարդիկ ավելի են ազդվում ու հետաքրքրվում մանրամասներով:

Երեխաների իրավունքների պաշտպանության գծով մասնագետ Էդուարդ Իսրայելյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ նման մի քանի հաղորդումների հեղինակների, կազմակերպիչների հետ խոսել են, որոշ դեպքերում դրական արդյունք եղել է: Մասնավորապես, ոստիկանության «02» հաղորդման վերաբերյալ նա նշում է. «Երբ անչափահաս իրավախախտ էր լինում, առանց դատական գործընթաց անցնելու,  ցույց էին տալիս երեխայի դեմքը: Քննարկումների ու հանդիպումների արդյունքում հիմա դա դադարեցրել են»:

Իսկ ահա որոշ դեպքերում բանակցություններն անարդյունք են և Է. Իսրաելյանի խոսքով, պետք է գործել իրավական դաշտում. «Այս իրավախախտումը նկատելի է հատկապես  «Կիսաբաց լուսամուտներ»  հաղորդման շրջանակներում:  Հաղորդման ժամանակ բոլորի ներկայությամբ երեխաներին գցում են ծանր հոգեբանական վիճակի մեջ: Բազմիցս իրենց հետ էլ խոսել ենք, բայց խնդրի լուծման համար անհրաժեշտ է այն իրավական դաշտ տեղափոխել. այլ կերպ նրանք դժվար թե փոխեն իրենց գործելաոճը»:

Ո՞վ է խախտում երեխայի իրավունքը

Երեխան ծնողի խնամքին է, ապա նա էլ առաջին հերթին պարտավոր է պաշտպանել նրա իրավունքները: Սակայն, Աննա Ալեքսանյանը նշում է, որ երբեմն շատ ծնողներ անգամ չգիտեն,  որ երեխային եթեր տանելն ու թույլ տալը, որ նա բաց դեմքով պատմի եղած խնդիրների, սոցիալական պայմանների մասին, նրա իրավունքների խախտում է:

Փաստաբան Հասմիկ Օհնիկյանը նշում է, որ նման հարցերը մասամբ կարագավորվում են «Երեխայի իրավունքների մասին» օրենքն ու Ընտանեկան օրենսգիրքը, սակայն օրենսդրական բաց, այնուամենայնիվ, կա.

«Օրինակ, Ընտանեկան օրենսգրքով  թույլատրվում է դատական գործընթացներում լսելու և հաշվի առնելու 10 տարին լրացած անձի կարծիքը: Բայց ես այդ նորմի ձևակերպման պարագայում դատարանում երբեմն  ունենում եմ խնդիր, որովհետև երեխայի հետ աշխատանքը անհատական է. երեխա կա, ում 10 տարին լրացել է, բայց դեռ նա հոգեբանորեն կայուն վիճակում չէ գտնվում ու նրան դատավարական գործընթացում ներառելը կամ հաղորդման ներքաշելը սխալ է»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց փաստաբանը:

Մեր այն հարցին, թե արդյոք ծնողի պարտավորությունների մեջ մտնում է երեխային նման հաղորդումների չտանելը, Հասմիկ Օհնիկյանը պատասխանեց, որ Ընտանեկան օրենսգիրքը նախատեսում է ծնողի պարտավորությունը երեխայի իրավունքները պատշաճ ներայացնելու, նաև վերջինիս պաշտպանելու առումով:

«Այս պարտավորությունն առաջին հերթին դրված է ծնողի վրա, եթե, ենթադրենք, երեխան հուզական է և կարող է նրա վրա իրենց խնդիրների վերաբերյալ հանրային քննարկումները բացասաբար ազդել, ապա ծնողն ինքը պետք է թույլ չտա, որ երեխան մասնակցի: Հակառակ դեպքում կարող ենք ասել, որ ծնողը թերացել է իր պարտականություները կատարելու մեջ»,- ասաց Հ. Օհնիկյանը:

Մենք զրուցել ենք նաև սոցիալապես անպահով ընտանիքների հետ աշխատող, նրանց պատմությունները ներկայացնող մի հեռուստալրագրողի հետ, ով, սակայն չցանկացավ ներկայանալ: Նա պատմում է, որ մինչ վերջերս ինքն անձամբ էր շրջում գյուղերում ու գյուղապետերից հետաքրքրվում սոցիալապես անապահով ընտանիքիների մասին: Մինչդեռ իրավիճակը կտրուկ փոխվել է, երբ մարդիկ սկսել են տեսնել, թե հաղորդման հեռարձակումից հետո ինչպիսի մեծ օգնություններ են տրվում.

«Առանց չափազանցության,  եղել է օր, որ ես 100-ից ավել անապահով ընտանիքներից զանգեր եմ ստացել:  Ու երբ ասում էի, որ հնարավոր չէ միանգամից բոլորի պատմությունները բարձրացնել,  ինձ չէին հասկանում: Սկսում էին անիծել, գտնում էին ինձ, մազերիցս էին քաշում. անգամ  դեպք է եղել, որ հարվածել են, որ իրենց պատմությունը չենք ներկայացնում»:

Հեռուստալրագրողը պատմում է նաև, որ  ռեպորտաժների նկարահանումներին մասնակցում են նաև սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ,  որոնց խնդիրների մասին իրենց ահազանգել են հարևանները կամ դպրոցականներն են խնդրել ընդառաջել իրենց դասընկերոջը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում սակայն նշում է, թե գիտի դեպքեր, երբ հաղորդման հեռարձակումից հետո անչափահասը խնդիրներ է ունեցել դպրոցում. դպրոցում ընկերները ծաղրել են, երեխան նույնիսկ հրաժարվել է դպրոց գնալ:

Հաղորդումների ժամանակ իրենց սոցիալական ծանր վիճակների մասին պատմելը երեխաներին կարող է դարձնել ավելի խոցելի. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է մանկական հոգեբան Լալա Պետրոսյանը:

«Հաճախ երեխաները,  զրկվելով անհոգ և ուրախ մանկություն ունենալու հաճույքից, իրենք են աշխատում՝ գումար վաստակելու ու ընտանիքի հոգսը թեթևացնելու համար: Այնուամենայնիվ, այդ մասին խոսելը, բարձրաձայնելը շատ դժվար է և կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի հոգեբանության վրա: Անչափահասին եթեր հրավիրել, խոսել նրա հետ կամ նրա ներկայությամբ,  քննարկել ընտանիքի նեղ անձնական խնդիրներ կարելի է միայն խիստ անհրաժեշտության  դեպքում՝ այն էլ մասնագետի հետ նախապես խորհրդակցելուց հետո: Այդ երեխաներն արդեն իսկ խոցելի են, իրենց պատմությունը բարձրաձայնելուց հետո հաճախ դառնում են ավելի խոցելի»,- ասաց հոգեբանը:

Գեղանուշ Գյունաշյանը  նշում է, որ հարցի կարգավորման համար անհրաժեշտ է համապատասխան իրավակարգավորումներ ներդնել: Նրա խոսքով ՝ երբ 2 -3 տարի առաջ այս խնդրով դիմել է Հանրային հեռուստաընկերությանը,  նրան պատասխանել են, որ լրատվամիջոցը եթերաժամը վաճառում է և հեռուստաընկերությունն այդ դեպքում  չի կարող վերահսկել հաղորդումները.

«Շատ երկրներում ԶԼՄ-ներում երեխաների մասին տեղեկատվություն և հաղորդում ներկայացնելը օրենքով կարգավորվում է: Երեխաների մասին հաղորդում պատրաստող ցանկացած մարդ պետք է խորհրդակցի փորձագետի հետ, եթե, իհարկե, ինքը չի ուզում սև PR-ի միջոցով՝ թեկուզ երեխային վնասելով, իր վարկանիշը բարձրացնել: Միանշանակ պետք է օրենք գործի, այլապես, ուրիշ լուծում չեմ պատկերացնում»,-  ասաց տիկին Գյունաշյանը:

Համակարծիք է նաև փաստաբան Հասմիկ Օհնիկյանը, ով գտնում է, որ այս պարագայում ունենք օրենսդրական բաց. «Ճիշտ կլինի, որ կամ նման հաղորդումների մասնակցության համար գործի տարիքային  հստակ սահմանափակում, կամ հաղորդման մասնակցելուց առաջ տրվի  հոգեբանի համապատասխան եզրակացություն»:

Զառա Մանուչարյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ