Նորություններ

Ընտրական իրավունք` ճաղերից այն կողմ

Հայաստանում դատապարտյալներն ընտրելու իրավունք չունեն. այս մասին ամրագրված է Սահմանադրության 30-րդ  և Ընտրական օրենսգրքի 5-րդ  հոդվածներում. համաձայն այս նորմերի` ընտրել չեն կարող դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող քաղաքացիները:

Դատապարտված անձանց ընտրելու իրավունքը որևէ կերպ սահմանափակված չէ Շվեդիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի Ֆինլանդիայի, Դանիայի, Իռլանդիայի, Լատվիայի, Լիտվիայի եւ մի շարք երկրների ընտրական օրենսդրություններով: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ) վավերացրած միայն 7 անդամ պետություններում են դատապարտված անձինք ամբողջությամբ զրկված սույն իրավունքից, այդ թվում՝ Հայաստանում:

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) առաջին տեղակալ Գենյա Պետրոսյանը Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան նշել է, որ  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք գործերով Կոնվենցիայի 1-ին Արձանագրության 3-րդ հոդվածի խախտում է ճանաչել առանց տարբերակաման բոլոր դատապարտյալների ընտրելու իրավունքի նույնաբովանդակ բացարձակ արգելքը:IMG_7863-copy

«Ընտրական օրենսգրքում նշված դրույթի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը հայտնել էր, որ ընտրելու իրավունքի (նաև ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածում) նման սահմանափակող դրույթ նախատեսելու հետ մեկտեղ բացակայում է այն դրույթը, որը կհստակեցներ դատապարտված անձին ընտրելու իրավունքից զրկելու հատուկ դեպքերը: Վենետիկի հանձնաժողովի «Ընտրությունների վերաբերյալ ուղեցույցի» համաձայն՝ դատապարտյալները կարող են զրկվել ընտրելու իրավունքից միայն ծանր հանցագործությունների դեպքում»,- իր պատասխանում նշել է Գենյա Պետրոսյանը։

Իրավաբանական հարցերով մասնագիտացված հոգեբան Անի Ապիտոնյանի խոսքով` դատապարտյալների ընտրական իրավունքից զրկված լինելը, հասարակական կյանքին ինչ-որ կերպ մասնակցություն ունենալու ցանկության անկատար մնալը կարող է ավելի խորացնել դատապարտյալի եւ հասարակության միջեւ գոյություն ունեցող անջրպետը.

«Անպիտան և օտարված լինելու զգացումը դատապարտյալների մոտ կարող է առաջ բերել հոգեբանական ճնշվածություն: Մյուս կողմից ՝ դիտելով այս հարցը հասարակության տեսանկյունից, ճիշտ չէ ընտրության իրավունք տալ մարդկանց, ովքեր հակահասարակական որոշակի գործողություններ են կատարել. այսինքն՝ իրենց կյանքի ընթացքում ցույց են տվել, որ չեն կարող այնպիսի որոշումներ կայացնել, որոնք չեն վնասի հասարակությանը»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Ա. Ապիտոնյանը:

Նոր Սահմանադրության նախագիծը դատապարտյալներին ընտրելու իրավունք է տալիս

Նոր Սահմանադրության նախագծով այս հարցին որոշակիորեն լուծում է տրվում:  Մասնավորապես նախագծի 47-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է. «Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեներին մասնակցելու իրավունք չունեն դատական ակտով անգործունակ ճանաչված, ինչպես նաև ծանր հանցագործությունների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք»:

11759527_670989999699197_1130128037_nԱյսինքն, ենթադրվում է, որ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտված անձիք ընտրելու իրավունք կունենան: Իսկ Իրավաբան.net-ի այն դիտարկմանը, որ նախագծում չի նշվում առանձնապես ծանր հանցագործությունների մասին, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը նշեց, որ սահմանադրության մակարդակով լիովին բավարար է ծանր գրելը. «Սահմանադրության իմաստով ծանր հանցագործությունը ինքնավար հասկացություն է, այսինքն, սա ուղղակիորեն չի համընկնում քրեական օրենսգրքին և, բնականաբար, ներառում է նաև առանձնապես ծանր հանցագործություններ»:

Վարդան Պողոսյանի խոսքով ազգային ժողովի ընտրություններից հետո նման առաջարկներ ներկայացվել են ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից․«Առաջարկության էությունը կայանում է նրանում, որ ընդհանրապես դատապարտյալներին ընտրական իրավունքից զրկելը արդի եվրոպական ստանդարտներին չի համապատասխանում, և դա պետք է սահմանափակել միայն ծանր հանցագործություններ կատարած անձանցով»:

Արդյո՞ք խտրականություն է դրվում դատապարտյալների միջև

Այն հարցին, թե արդյոք կարող է հոգեբանական խնդիրներ առաջացնել ծանր եւ միջին հանցագործություն կատարած դատապարտյալների միջեւ խտրականություն  դնելը՝ հոգեբան Անի Ապիտոնյանը  նշեց, որ տարբերակումից չենք կարող խուսափել, քանի որ այն ունի դատապարտյալի մոտ իր կատարած հանցանքի համար զղջում արթնացնելու միտում. «Մեզ համար կարևոր է ոչ միայն պաշտպանել դատապարտյալների իրավունքները, այլ նաեւ այնպիսի մոտեցում ցուցաբերել, որից օգուտ քաղի նաև ողջ հասարակությունը: Հոգեբանական խնդիրների և ռիսկերի առաջացման վտանգ մշտապես կա, որոնց հաղթահարմանն էլ ուղղված են բարեփոխումները»:

Untitled-1-copy-a-440x293Մինչդեռ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի կարծիքով չպետք է սահմանափակվի ընտրական իրավուքն անգամ ցմահ ազատազրկված անձանց դեպքում: Նրա խոսքով, եթե անձըդատապարտվումէազատազրկման, ապա նշանակում է նրանազատությունիցենորոշակիժամանակովզրկում և ոչ թե մյուս իրավունքները իրացնելուց. «Թեև անձը ցմահ դատապարտված է, բայց հնարավոր է ԱԺ-ի կողմից ընդունված օրենքներն ազդեն իր հետագա իրավունքների ու պարտականությունների վրա»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Լիպարիտ Սիմոնյանը ցայտուն օրինակ է բերում, թե ինչու չպետք է ընտրական իրավունքը սահմանափակվի. «Եթե տեսականորեն անձը դատապարտվել է մեկ տարի ազատազրկման, ԱԺ-ում պատգամավորները ընտրվելու են 5 տարի ժամկետով, այս դեպքում տվյալ անձը կազատազրկվի մեկ տարի, այնուհետև դուրս  կգա ու արդեն կապրի իրկողմից չընտրված պատգամավորների կողմից ընդունված օրենքներով»:

Նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը, ով շուրջ 10 տարի անցկացրել է անազատության մեջ, նշում է, որ լիարժեքորեն պետք է տրվի մի շարք հարցերի պատասխաններ.  «Պետք է հաշվի առնել, թե արդյոք կալանավայրերում գտնվող քաղաքացիները, եթե ստանան ընտրելու իրավունք, հնարավորություն կունենան մասնակցելու թեկնածուների առաջադրմանը ( եթե այդպիսի կարգ լինի), մասնակցել թեկնածուի հետ հանդիպումներին, քննարկումներին»,- նշում է նա Իրավաբան.net-ի հետ զրույցում:Azat_Arshakyan1

Նրա խոսքով՝  կարևոր է նաեւ, թե ով եւ ինչպես է կազակերպելու թեկնածուի և կալանավայրում գտնվող ազատազրկվածների հանդիպումները: Թեկնածուն պե՞տք է գնա կալանավայր, թե՞ կալանավորներն են այցելելու շտաբեր: Եվ ի վերջո, որտե՞ղ է կայանալու կալանավորի քվեարկությունը: Եթե կալանավայրում, ապա, արդյոք, հնարավոր է ապահովել քվեարկությունների անաչառությունն ու օբյեկտիվությունը:

Լիպարիտ Սիմոնյանի կարծիքով, նախընտրելիկլինի, եթե ընտրություններն անցկացվեն կալանավայրից դուրս. «Կալանավայրում ավելի դժվար կլինի հսկել ընտրությունների թափանցիկությանն և օրինականությանը»,- սակայն միևնույն ժամանակ նա հավելում է նաև, որ կալանավայրից դուրս ընտրությունը կազմակերպելու գործընթացը նաև ռիսկային է. դատապարտյալների մեջ բավական մեծ զանգված առիթը կօգտագործի փախուստ կատարելու համար:

Այս և նման մյուս հարցերի պատասխանները կտրվեն միայն այն ժամանակ, երբ նոր Սահմանադրությունն հանաքվեի միջոցով ընդունվի և դրա արդյունքում փոփոխություններ արվեն համապատասխան օրենքներում:

Զարուհի Մանուչարյան

Իրավաբան.net 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել