Հատուկ չվերթներ, «բիզնես» կարգի տոմսեր. երբ չկան իրավակարգավորումներ, ապա պետական միջոցները ծախսվում են կամայականորեն ու անարդյունավետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 3-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է  Փարիզ. այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:

Վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի, կառավարության ղեկավարի, Փարիզի քաղաքապետի հետ: Այցելելու է նաև Փարիզի քաղաքապետարանում բացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, Ֆրանսիայում ու Եվրոպայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարան, հանդիպելու է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:  Տեղեկանում ենք նաև, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի վարչապետները ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքում կմասնակցեն հայկական դպրոցի բացման արարողությանը: Այնուհետև հուլիսի 5-ին կառավարական պատվիրակությունը վերադառնալու է Երևան:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ վարչապետի գլխավորած պատվիրակությունըարտերկիր մեկնել է հատուկ չվերթով, որը պետական բյուջեի համար արժեցել է 31 միլիոն 448 հազար դրամ (մոտ 66 հազար դոլար): Ավիասպասարկման պայմանագիրը կնքվել է հունիսի 30-ին` «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հետ: Որպես գնման իրավական հիմք նշվում է վարչապետի հունիսի 26-ին ընդունած 539-Ա որոշումը, որը սակայն դեռևս հասանելի չէ:New Picture (40)

 Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում սա արդեն 5-րդ անգամ է, որ կառավարական պատվիրակություն է մեկնում արտերկիր և օգտվում են հատուկ չվերթի ծառայություններից:

unnamed (1)Իրավաբան.net-ի հետ զրույցում «Թրանսփարենսի ինտերնեյշընըլ» միջազգային հակակառուպցիոն կազմակերպության փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ նման ծառայությունների գնման դեպքում կարելի է խոսել բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսման մասին:

«Վարչապետի այցերի դեպքում, կախված  նրանից թե քանի հոգի է լինում պատվիրակության մեջ, կարելի է ասել, որ ծառայության գինը շուկայական գներին մոտ է»,- նշում է փորձագետն ու հավելում, որ հաշվարկը կատարելիս սակայն չափանիշ ընդունվում է «բիզնես» կարգի տոմսերի արժեքը:

Քանի որ վարչապետի գլխավորած վերոհիշյալ պատվիրակության կազմի վերաբերյալ դեռևս տվյալներ չկան, ապա կարող ենք օրինակ վերցնել նախորդ` դեպի Պրահա այցելությունը: Այս դեպքում` պատվիրակության կազմում եղել է 27 հոգի և ավիափոխադրման համար վճարվել է 20 միլիոն 600 հազար դրամ, որը կազմում է մոտ 43 հազար դոլար:New Picture (37)

Երևան-Պրահա, Պրահա-Երևան ուղղություններով «բիզնես» կարգի տոմսերի միջին շուկայական գինը 1500 դոլար է: Եվ, իսկապես, կոպիտ հաշվարկի դեպքում թվում է, թե այդքան էլ թանկ չէ հատուկ չվերթով ուղևորությունը:

Սակայն անհասկանալի է, թե ինչու է հաշվարկը կատարվում` հիմք ունենալով «բիզնես» կարգի տոմսերի գները, եթե այլ գործուղումների դեպքում պրակտիկան և մեր ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ ավելի հաճախ միայն նախարարներն «բիզնես» կարգի տոմսերով ճանապարհորդում: Իսկ ահա վերոհիշյալ պատվիրակության անդամների կեսից ավելին նախարարից ավելի ցածր պաշտոն են զբաղեցնում: Հետևաբար, կարելի է հաշվարկը անել «էկոնոմ» տոմսերի գներով, և այս դեպքում ակնհայտ կդառնա, թե ինչ շքեղություն է հատուկ չվերթով այցը:

Արտակ Մանուկյանը նշում է, որ այստեղ խնդիր կա չափանիշների բացակայության հետ կապված. ինչու՞ է հաշվարկն արվում «բիզնես» կարգի և ոչ սովորական տոմսերի գնով. «Մենք չունենք ստանդարտներ, որոնք կսահմանեն, թե ովքեր կարող են «բիզնես» կարգով երթևեկել, ովքեր` ոչ»:

unnamed (2)«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ նման դեպքերում իրավակարգավորումների բացակայությունը հնարավորություն է տալիս կամայական, սուբյեկտիվ մոտեցումների և բյուջետային միջոցների անարդյունավետ ծախերի.

«Այս դեպքում կարծես խախտում չկա, սակայն կա խնդիր, եթե հարցը դիտարկում ենք պաշտոնյաների բարեխղճության, պետության տնտեսական հարցերի տեսնակյունից: Սրա արդյունքում որոշակի վնաս է պատճառվում պետական բյուջեին, և անհրաժեշտ են համապատասխան կարգավորումների ներդրումը»,- ասաց Մ. Ատովմյանը:

Փորձագետները օրինակ են բերում նաև միջազգային փորձը` մասնավորապես արևմտյան մի շարք երկրներում սահմանված են չափանիշներ. մասնավորապես` Եվրախորհրդարանի պատգամավորների գործուղումների համար հատկացվումէ  որոշակի գումար` «էկոնոմ» կարգի տոմսերի ձեռքբերման համար, իսկ եթե պատգամավորը ցանկանում է «բիզնես» կարգով ճանապարհորդելու, ապա հավելյալ գումարը վճարում է իր գրպանից:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ